Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց  համագործակցության հուշագիր

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի  և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց  համագործակցության հուշագիր, համաձայն որի Գյումրու 10 դպրոցի 150 աշակերտ Ինֆորմատիկա առարկայի դասերը կանցկացնեն կենտրոնի տեխնիկապես վերազինված  դասասենյակներում:
Սա միակ նախաձեռնությունը չէ, որ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնն իրականացնելու է: Առաջիկա ծրագրերը շատ են ու  բազմաբնույթ, այդ թվում՝ նաև Yandex ծրագրավորման դպրոցի բացումը: Այս, ինչպես նաև առաջիկայում իրականացվելիք մյուս ծրագրերը սեպտեմբերի 13-ին կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեցին ԳՏԿ բիզնես-մենեջեր, Գյումրու ՏՏ կենտրոնի տնօրեն   Ամալյա Եղոյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն  Բագրատ Ենգիբարյանը: Ի  դեպ, ասուլիսի օրը պատահական չէր ընտրված ՝ նշվում էին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3 և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները:
«Իսկ ամեն ինչ սկսվեց 12  տարի առաջ՝ ԳՏՏԿ  գիտակրթական հիմնադրամի  գործունեությամբ՝ աշխատելով ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի և պատրաստել ՏՏ ոլորտի մրցունակ կադրեր: Ճկուն ուսումնական ծրագրի և շեշտադրված գործնական ուսուցման շնորհիվ կենտրոնի շրջանավարտները մրցունակ կադրեր են տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, ինչի մասին վկայում է վիճակագրությունը:  Եթե  2007  թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 8-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա 2014 թվականին՝ 24 շրջանավարտ, 23 աշխատող, իսկ արդեն 2015 թվականին հաստատությունն ունեցել է  25  շրջանավարտ, 25-ն էլ աշխատում են ՏՏ ոլորտի հայտնի ընկերություններում, մեծ մասը Գյումրիում, մյուսները Երևանում: 2016 թվականին այդ թիվը պահպանվել է»,-իր խոսքում նշեց Գյումրու ՏՏ կենտրոնի տնօրեն  Ամալյա Եղոյանը:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014 թ. հունվարի 9-ին կառավարության որոշմամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 2014 թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Նորակառույց և ժամանակակից շենքում իր գործունեության երեք տարում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը գրանցել է լուրջ հաջողություններ: Դրանցից առաջնայինը բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստումն է,  համագործակցությունը Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակի և այլ միջազգային պատվիրատուների հետ, ինչպես նաև կենտրոնի տարածքի գրեթե ամբողջական զբաղեցումը տեղի նորաստեղծ, Երևանից Գյումրի տեղափոխված և միջազգային կազմակերպությունների կողմից: Կենտրոնում տեղակայված են ու ակտիվ գործունեություն են ծավալում 25 կազմակերպություն»,-հավելեց  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն  Բագրատ Ենգիբարյանը:


Ավելի  ուշ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ  այս երկու կենտրոնի գործունեությանը նվիրված միջոցառում, որին ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական կառույցների, ՏՏ ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ոլորտի ուսանողներ: ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ամփոփեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի իրականացրած ծրագրերը և արդյունքները, ներկայացրեց ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները:


Գործընկեր կառույցներին հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ ԳՏՏԿ  այս տարվա ուսանողներին՝  վկայականներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]