Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Սեպտեմբերի 23-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտ քաղաքի 94-րդ ամյակին նվիրված տոնական բազմաբնույթ միջոցառումներ են սպասվում սեպտեմբերի 23-ին։ Այս մասին հայտնել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը՝ նշելով, որ միջոցառումների մեկնարկը լինելու է Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ կայանալիք պաշտոնական արարողակարգով:

«Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում տեղի է ունենալու «Իմ Ստեփանակերտ» խորագրով գրական-գերարվեստական ցերեկույթ»,- նշել է Արմեն Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենալու «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագրով ցուցահանդես:

«Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում կազմակերպվելու են նաև մարզական տարբեր մրցույթներ, նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն: Կկազմակերպվի նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ քաղաքի տարբեր թաղամասերում մայրաքաղաքի ստեղծագործական միությունների սաների մասնակցությամբ կլինեն համերգային ծրագրեր»,- հավելել է Արմեն Հակոբյանը և ընդգծել, որ այցելություններ կլինեն նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՝ շնորհավորելու նորածիններին, ինչպես նաև հարսանյաց հանդիսությունների սրահներ, որտեղ էլ կշնորհավորեն նորապսակներին:

Տոնական միջոցառումների վերջին ակորդը լինելու է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունենալիք համերգը:

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ տոնի կապկցությամբ Ստեփանակերտ է մեկնելու Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ