Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դավիթ Հարությունյանը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Դավիթ Հարությունյանը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող 
բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

Արդարադատության նախարարը Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվող էլեկտրոնային կառավարման համակարգերն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սերժ Սարգսյանը պետական մարմինների գործունեության թափանցիկության, վարչարարության պարզեցման տեսանկյունից ընդգծել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարևորությունը և հանձնարարել այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները:

Դավիթ Հարությունյանի զեկույցը ներառել է նաև քրեակատարողական, պրոբացիայի և նախարարության համակարգման ներքո գտնվող այլ ոլորտների հիմնախնդիրներն ու դրանց լուծմամբ այդ ոլորտներում արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:
Հանրապետության Նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]