Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ բեմը աթոռն էր, իմ ունկնդիրները՝ ընտանիքիս անդամները». Գրիգոր Խաչատրյան

«Իմ բեմը աթոռն էր, իմ ունկնդիրները՝ ընտանիքիս անդամները». Գրիգոր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարիներ շարունակ Երևանի տարբեր ժամանցի վայրերը նոր շունչ են ստանում և հարստանում կուբայական ինքնատիպ երաժշտության վառ ու մեղեդային հնչյուններով. «Africa bamba» (Աֆրիկա բամբա),  «Vente Pa’ Ca» (եկեք), «Chan chan» (Չան - չան), «Bailando» (պարելով),  «Inolvidable»  (անմոռանալի),  «El Carretero»  (վարորդ) և այլ հայտնի երգերի քավր տարբերակները յուրահատուկ մեկնաբանությամբ երաժշտասերներին է մատուցում Vida de Cuba project  (Կյանքը Կուբայում) նախագիծը, որը ստեղծվել է 2014 թվականին: Խմբի ձևավորման և կայացման մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Vida de Cuba project-ի մեներգիչ Գրիգոր Խաչատրյանի հետ:

-Ե՞րբ զգացիք, որ ձեր տարերքը երաժշտությունն է:

-Ծնողներս ասում են, որ դեռ փոքր տարիքից ակնհայտ հետաքրքրություն եմ ցուցաբերել դեպի երաժշտությունը: Մայրս երգչուհի է, ինչ-ինչ պատճառներով ներկայումս չի երգում: Նա նշում է, որ շատ է ուզել, որ իր զավակը արվեստի մարդ դառնա. նրա ցանկությունն իրականացել է: Վաղ հասակում, հատկապես ժողովրդական երաժշտություն լսելիս, մեծ ոգևորություն էի ապրում ու չէի կարողանում թաքցնել հույզերս, ինքնաբուխ համերգներ էի կազմակերպում տանը, որտեղ ինձ համար բեմ էր ծառայում աթոռը, իսկ հանդիսատեսներն ընտանիքիս անդամներն էին: Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ իմն արվեստի այս տեսակն է: Այնուհետև երգում էի Էջմիածնի «Տարոն» մանկական երգի անսամբլում: Հետո սովորել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոցում, Թովմաս Պողոսյանի խմբում:

-Չնայած երաժշտության նկատմամբ սիրուն՝  կրթություն եք ստացել նաև Ագրարային համալսարանում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

-Եկավ մի շրջան, որ պետք է հստակ մասնագիտություն ընտրեի: Այնպես ստացվեց, որ ընդունվեցի Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Այդ որոշումն ակամայից մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում, քանի որ հենց համալսարանում ծանոթացա կիթառահար Սարգիս Ստեփանյանի (Սյունի) հետ: Հետագայում միասին հիմնեցինք խումբը:

Սարգիսն իր ընկերոջ հետ փորձի էր համալսարանի դահլիճում, ես մեծ հետաքրքրությամբ հետևում էի նրանց: Երբ նվագեցին «Ain’t no sunshine» (չկա արևածագ) երգը, ես սկսեցի երգել. զարմացած փորձում էին գնալ հնչյունների ետևից ու գտնել ձայնի տիրոջը: Առաջարկեցին իրենց համերգում երգել: Անչափ ուրախ էի այդ առիթով: Դահլիճը լեփ-լեցուն էր: Ինձ շատ լավ ընդունեցին դեկանը և մյուսները, ոտքի կանգնեցին, շնորհավորեցին: Երբեք չեմ մոռանա այդ պահերը:

Համագործակցում էինք Սյունիի հետ: Ծրագիր էինք կազմել ու ելույթներ էինք ունենում տարբեր ժամանցի վայրերում, կատարում բազմաոճ, բազմալեզու ստեղծագործություններ: 

-Կպատմե՞ք այն մասին, թե ինչպե՞ս ձևավորվեց Vida de Cuba project-ը, ինչու՞ ընտրեցիք կուբայական երաժշտությունը:

-Ինչպես ձեռներեցն է նախքան որևէ բիզնես սկսելն ուսումնասիրում շուկան, այդպես էլ մենք փորձեցինք հասկանալ հայկական երաժշտական միջավայրն ու տեսանք, որ կան անհատ կատարողներ և խմբեր, որոնց երգացանկում առկա են կուբայական երգեր, բայց որպես այդպիսին լատին երաժշտություն ներկայացնող խումբ չկար: Բացի այդ, շատ եմ սիրում այդ ռիթմերն ու մեծ բավականություն եմ ստանում դրանք կատարելիս: Ընդգծեմ, որ 15-ից ավելի գործիքներ են օգտագործվում այն երգերի ստեղծման համար, որոնք մենք ենք կատարում: Ներկայումս խումբը փորձում է յոթ գործիքով անել հնարավորինը:  Սկզբում չորսն էինք, հետո հինգը, հիմա յոթն ենք ու կարող ենք շատանալ: Vida de Cuba project-ի կիթառահարը Սարգիս Ստեփանյանն է,  դաշնակահարը` Վահե Հովհաննիսյանը, ով սովորում է կոնսերվատորիայում ու, կարծում եմ, հիանալի երաժիշտ է, հարվածայի գործիքներ է նվագում Աշոտ Ոսկանյանը, որը մեր ավագ ընկերն է և շատ փորձառու երաժիշտ, շեփորահարը Դավիթ Թադևոսյանն է, ով այս դաշտում բավականին հայտնի է, բաս-կիթառահարը Սարո Խաչատրյանն է, հարվածային գործիքներ` պերկուսիա է նվագում Միխայիլ Գյուլիկիխվաևը:

-Կա՞ն խոչընդոտներ, որոնք հաղթահարել եք խմբի կայացման փուլերում:

-Որպես այդպիսիք՝ լուրջ խնդիրների չենք բախվել: Պետք է ընդգծեմ, որ երբ նոր էինք ստեղծում խումբը, մեզ շատերն էին ասում, որ չենք կարողանա երկար գոյատևել ու գումար վաստակել օտար երաժշտություն ներկայացնելով, սակայն, ինչպես տեսնում եք, ամեն բան դեռ առջևում է: Նշեմ, որ իսպաներեն հիանալի չգիտեմ: Սկզբում թարգմանում էի երգերն ու անգիր սովորում բառերը: Բնականաբար, հասկանում էի, թե ինչ եմ երգում, բայց լեզվին չէի տիրապետում: Ներկայումս իսպաներեն եմ սովորում ու պատրաստ եմ նաև այդ խոչընդոտը հաղթահարել: Եղել են զվարճալի դեպքեր, երբ մարդիկ մոտեցել են ինձ, այդ լեզվով հարցեր տվել, և ես չեմ կարողացել պատասխանել ու անհարմար իրավիճակում եմ հայտնվել, բայց այդ էլ անցավ:

-Ո՞րն է ձեր լսարանը: Ո՞ր տարիքի երաժշտասերներն են մեծամասամբ այցելում ձեր համերգներին:

-Մենք բազմաշերտ հանդիսատես ունենք. 25 տարեկանից բարձր արվեստասերները մեր լսարանն են կազմում: Կարծում եմ, որ այս երաժշտությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս պարել, ուրախանալ, իսկ մեծահասակները կարող են ուղղակի լսել ու վայելել կուբայական գեղեցիկ ու հաճելի հնչյունները:

-Մտածե՞լ եք տեսահոլովակ նկարահանելու, սկավառակ ձայնագրելու մասին:

-Կատարում ենք աշխարհում հիթ դարձած երգերի քավր տարբերակները, բայց ցանկանում ենք նաև մեր սեփական երգերն ունենալ: Առաջին քայլն արդեն արված է: Գրվել է մեր ստեղծած առաջին երգը՝ «Vagabundo»-ն  (թափառաշրջիկ), որը խմբի երկրպագուները մեծ խանդավառությամբ ընդունեցին: Ինչ վերաբերում է ձայնասկավառակին ու հոլովակին, պետք է ասեմ, որ դրանք ֆինանսներ են պահանջում, որոնք դեռ չկան. սպասել է պետք:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]