Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

«Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմը հանձնվեց կինոյի երկրպագուների դատին


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմը պատմում է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում պատահաբար հայտնված ֆրանսիացի դերասանի զավեշտալի ու հետաքրքրաշարժ արկածների մասին: Կինոնկարի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Խաչիկ գյուղում բաց երկնքի տակ: Ժապավենի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ֆիլմի ռեժիսորն ու դերասանները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Կարծում եմ, որ այս կինոնկարը համամարդկային նշանակություն ունի, քանի որ  նվիրված է ժողովրդին: Գլխավոր հերոսը ֆրանսիացի է, որն ակամայից հայտնվում է հայկական սահմանամերձ գյուղում: Տեղի ժողովուրդը կարծում է, որ այդ մարդն օտարերկրացի  բարերար է և եկել է իրենց օգնելու: Այնինչ  նա դերասան է, ով այդ գյուղում ասես իր կյանքի գլխավոր դերն է խաղալու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավետիքյանը և հավելեց, որ ժապավենը, կարծես, ժամանակակից հեքիաթ լինի՝ մի քիչ աբսուրդ, մի քիչ սյուրռեալիստական, մի քիչ կոմիկական:

Ֆիլմի պրոդյուսեր Միքայել Դովլաթյանի խոսքով` իրենք երկու տարի առաջ են նկարահանել ժապավենը, որը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: «Մենք Խաչիկի բնակիչներին խոստացանք ֆիլմի համահայկական պրեմիերան այստեղ անել: Այս կերպ շնորհակալություն ենք հայտնում նրանց մեզ ջերմ ընդունելու, նկարահանումներին աջակցելու համար»,- ասաց նա:

Դերասանուհի Արսինե Խանջյանն ընդգծեց, որ Խաչիկ գյուղ գալով` սիրահարվել է տեղի բնակիչներին, մարդկային ջերմ ու բարի հարաբերություններին, հարուստ ու հետաքրքիր բնությանը: «Այս ֆիլմում նկարահանվելը նոր փորձ էր ինձ համար:  Այն նոր հույզեր ու զգացողություններ փոխանցեց ինձ ու մնաց իմ մտքում»,-շեշտեց Խանջյանը:

Դերասան Ռոբերտ Հարությունյանն ասաց, որ սիրով է վերադարձել Խաչիկ, որտեղ գտնվելու ժամանակ տեսել է, թե  տեղի ժողովուրդն ինչպես է հերոսաբար տանում իր խաչը` անառիկ պահելով երկրի սահմանը: «Գալով այս գյուղ, ծանոթանալով բնակիչների հետ՝ հասկացա, որ իմ կերպարը չպետք է տարբերվի նրանցից ոչ արտաքինով, ոչ հոգով, ոչ էլ ապրումներով: Կարծում եմ` ֆիլմը դուր կգա խաչիկցիներին»,-եզրափակեց դերասանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ով աջակցել է ֆիլմի նկարահանումներին: «Դիտել եմ կինոնկարը, շատ եմ հավանել այն, շատ ծիծաղել եմ ու այլ տեսանկյունից ճանաչել Հայաստանը, հայկական ոգին: Շնորհակալ եմ հեղինակներին դրական ու բարի կինոյի համար»,-ասաց դեսպանը:

Կինոնկարը տարբեր հույզեր էր առաջացնում խաչիկցիների մեջ. ծիծաղ, հուզմունք, զարմանք: Մեծ էր խանդավառությունը հատկապես այն ժամանակ, երբ նրանք ֆիլմում գտնում էին իրենց կամ իրենց համագյուղացիներին:

«Նա, ում սպասում էին» կինոնկարը ցուցադրվել է Եվրոպայի տարբեր երկրներում և դրական արձագանքների արժանացել: Սեպտեմբերի 14-ին այն մեծ էկրան կբարձրանա:

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ