Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 տարով մեծ է Ադրբեջանից. Շարմազանովը պատասխանել է Ալիևի հայտարարությանը

 «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 40 տարով մեծ է Ադրբեջանից. Շարմազանովը 
պատասխանել է Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը այդ երկրի նախագահի գլխավորությամբ ջղաձգումների մեջ են և փորձում են նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է: «Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով Ալիևի՝ Հայաստանին իսլամաֆոբիայի և մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ մեղադրող հայտարարությանը՝ Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի ստացված փորձը: Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ: «Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է: «Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»,- եզրափակեց Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]