Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ԱՄՆ-ում սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին, ում Նյու Յորքի դատախազությունը կալանավորելու մասին որոշում է ընդունել, սպառնում է մինչև 95 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ»-ը:
Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսությանն աջակցելու, «փողերի լվացմամբ» զբաղվող անօրինական հիմնադրամներ ստեղծելու մեջ: Նյու Յորքի դատախազության մեղադրականում նշվում է, որ նախկին նախարարն աջակցել է Իրանին, որպեսզի վերջինս կարողանա փոխանցումներ կատարել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի միջոցով՝ շրջանցելով Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները: Նշվում է, որ նախկին նախարարն իր պաշտոնավարման ընթացքում՝ 2011 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբերը, տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող կաշառք է վերցրել:
ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար Իրանին գաղտնի աջակցելու գործով մեղադրվում է նաև իրանական ծագում ունեցող թուրք գործարար Ռեզա Զարաբը։ Վերջինս ձերբակալվել էր 2016 թվականին և Նյու Յորքի դադարանի առաջ էր կանգնել ոչ միայն Իրանին աջակցելու, այլև պաշտոնական Թեհրանին և իրանական այլ կառույցների արժույթ և ոսկի վաճառելու համար։
Մեղադրյալների շարքում են նաև թուրքական Halk բանի մի շարք աշխատողներ:
Այս գործով 9 մեղադրյալներից ներկայում կալանավորված են միայն երկուսը՝ այդ թվում և Զարաբը:
Զաֆեր Չաղլայանը հրաժարական էր տվել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, որում ներգրավված էին մի քանի գործող նախարար, ինչպես նաև Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին՝ Բիլալ Էրդողանը: Սկանդալային բացահայտումից հետո ձերբակալվել էին գործող 3 նախարարի որդիներ, ինչպես նաև գործարար Ռեզա Զարաբը։ 2014 թվականին, սակայն, նրանց դեմ ներկայացված մեղադրանքները հանվել էին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում