Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գավառի թիվ 7 դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոս զինվոր Արման Ղանդիլյանի անունով

Գավառի թիվ 7 դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոս զինվոր Արման Ղանդիլյանի անունով

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կրելու է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս զինվոր, հետմահու «Մարտական ծառայության » մեդալի արժանացած Արման Ղանդիլյանի անունը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցում կազմակերպված անվանակոչության արարողությանը մասնակցեցին ՀՀ Աժ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզի իրավապահ համակարգի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչներ: Բացելով միջոցառումը՝ Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իրենց կոլեկտիվը 2014-2016 թվականների ընթացքում երկու շրջանավարտի թանկ կորուստ է ունեցել, ովքեր, սակայն, հերոսացել են թշնամուց հայրենի հողը պաշտպանելիս:

«Նրանցից առաջինը Գեորգի Մնացականյանն է, ում անունն այժմ կրում է մեր դպրոցը, եւ երկրորդն Արմեն Ղանդիլյանն է, ում անունն այսօրվանից կրելու է ռազմագիտության դասասենյակը: Խոնարհվելով նրանց սուրբ հիշատակի առաջ՝ միաժամանակ ցանկանում ենք, որ այսուհետ մեր տղաները մեծարվեն միայն եւ միայն խաղաղ պայմաններում՝ խաղաղ աշխատանքի, մշակույթի, սպորտի, արվեստի, գիտության բնագավառներում»,-նշեց դպրոցի տնօրենը:«Խոնարհվում եմ Արմանի սուրբ հիշատակի, նրա ծնողների եւ ուսուցիչների առաջ, ովքեր նման խիզախ զավակ են ծնել, սնել ու դաստիարակել: Ցավոք, մենք անդառնալի կորուստներ ունեցանք, որոնք փարատվում են միայն նման ոգեկոչումներով: Հավատացած եմ, որ դուք կդաստիարակեք այնպիսի սերունդ, ովքեր արժանի կլինեն մեր հերոսներին, մեր հայրենիքին: Թող միշտ խաղաղ ապրի մեր երկիրը»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Այնուհետ Արման Ղանդիլյանի ապրած կյանքը եւ մարտական ուղին գեղարվեստական կատարումներով համեմեցին Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտները:

«Մենք ինչ էլ որ անենք այս հերոս տղաների համար, դարձյալ քիչ է, որքան էլ մեծարենք, դարձյալ պարտք ենք զգալու նրանց սուրբ հիշատակի առաջ: Ես խոնարհվում եմ Արմանի ծնողների, արծվաքարցի մյուս ծնողների առաջ, որոնց զավակները հերոսի մահով ընկան հայրենիքի ազատագրության ու պաշտպանության դիրքերում: Ես ուսումնական զենք եմ նվեր բերել հերոսի անունով անվանակոչված ռազմագիտության դասարանին, այն հաշվարկով, որ այստեղ սովորող յուրաքանչյուր երեխա ոչ միայն վառ պահի Արմանի անունը, այլ, զենքին ծանոթանալով, շարունակի նրա սուրբ գործը»,-ներկաներին դիմեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Առավել սրտառուչ ստացվեց ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանի խոսքը.«Ես Արմանի հորեղբայրն եմ: Մեկ տարի առաջ մենք կորցրինք մեր սիրելի զավակին: Թվում է, թե չկա սփոփանք, բայց խավարի մեջ լույս է ծագում, եւ այդ լույսն այս ոգեկոչումն է, այս դասասենյակի անվանակոչումը: Այո, երեխաներն ամեն առավոտ կգան, հայացքով կբարեւեն Արմանին, կոգեշնչվեն նրա անունով ու գործով: Սա լավագույն միջոցն է՝ անմահացնելու մեր հերոս տղաներին»,-ասաց Վարդան Ղանդիլյանը:«Թող մեր զինվորները ծառայեն միայն խաղաղ պայմաններում եւ անփորձանք, ողջ ու առողջ տուն վերադառնան»-խոսք հնչեցրեց Արման Ղանդիլյանի հայրը՝ Ալիկ Ղանդիլյանը:

Դասասենյակի բացման ժապավենի կտրման պատիվը տրվեց հերոսի ծնողներին՝ Ալիկ եւ Կարինե Ղանդիլյաններին: Ներկաները հուզմունքով դիտեցին ռազմագիտության դասասենյակում ստեղծված Արման Ղանդիլյանի անկյունը՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի դիմանկարի առջեւ: Ռազմագիտության անվանակոչված դասասենյակը նորոգվել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]