Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հեշտացվել է երեխայի ծննդի համար միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացը

Հայաստանում հեշտացվել է երեխայի ծննդի համար միանվագ դրամական նպաստ 
ստանալու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգի համակցումը հնարավորություն է ընձեռել երեխայի ծնունդը գրանցելիս Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում իրական ռեժիմում լրացնել միանվագ դրամական նպաստ ստանալու դիմումը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` այսուհետև քաղաքացին երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մի քանի պետական ծառայություններ դիմում ներկայացնելու փոխարեն կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին` խնայելով և՛ ժամանակը, և՛ միջոցները:

«Ցանկանում ենք ցույց տալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում տևական փոփոխություն մտցնել մեր առօրյա կյանքում: Հնարավորություններ են ստեղծում ոչ միայն հեշտացնել ծառայությունների մատուցումը` կրճատելով ժամանակը, այլ նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Մեկ պատուհանի սկզբունքը մեր քաղաքականությունն է, և պարբերաբար կներկայացնենք, թե ինչ նոր քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ` ընդգծեց Հարությունյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացները դյուրացնելու նպատակով նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

«Քաղաքացին պետական մարմին դիմելով անհրաժեշտ ծառայությունը ստանալու համար, օրինակ` երեխայի ծննդյան վկայականը, ունենում է հնարավորություն տեղում օգտվելու  սոցիալական ծառայություններից»,- նշեց Ասատրյանը:

Ըստ նախարարի` առաջիկայում նախատեսվում է նաև դյուրացնել երրորդ և հաջորդ երեխայի  ծննդյան միանվագ նպաստի տրամադրման գործընթացը:

«Երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տալիս անհրաժեշտ է որոշել տվյալ երեխայի ընտանիքում կարգաթիվը, իսկ դրա համար պետք է ավելի շատ տեղեկատվություն: ՔԿԱԳ-ում կան փաստաթղթեր, որոնք դեռևս թվայնացված չեն, ուստի նախատեսում ենք Արդարադատության նախարարության հետ համատեղ այս աշխատանքները շարունակել: 2018 թվականի հունվարի 1-ից անցում կկատարենք երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ ստանալու հեշտացված համակարգին: Նաև նախատեսված է քաղաքացու մահվան դեպքում թաղման նպաստների տրամադրման գործընթացը նույնպես դյուրացնել»,- ասաց Ասատրյանը:

2017 թվականի հունիսի 1-ից երկու ՔԿԱԳ տարածքային մարմիններում մեկնարկել էր փորձարարական հիմունքներով երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մասին դիմումների լրացման ծրագիրը, իսկ սեպտեմբերի 1-ից կազմակերպվել էր ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցների վերապատրաստումը, և այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ տարածքային մարմիններում երեխայի յուրաքանչյուր ծնունդ գրանցելիս, նաև ըստ դիմողի ցանկության, հնարավոր է լրացնել երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու դիմումը:

Դիմողն ինքն է որոշում, թե ինչ եղանակով և որտեղից է ուզում ստանալ նպաստը:
Նույն ծրագիրն առաջիկայում տարածվելու է նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:

Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայցված գաղափարն իրականացնելու արդյունքում և Եվրամիության օժանդակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]