Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը ինովացիոն քաղաքականության նոր ռազմավարություն է մշակում. այն կսկսի իրականացվել գալիք տարվանից

Կառավարությունը ինովացիոն քաղաքականության նոր ռազմավարություն է մշակում. 
այն կսկսի իրականացվել գալիք տարվանից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը սկսել է ինովացիոն քաղաքականության նոր ռազմավարության մշակումը, որը հստակ կնկարագրի առկա խնդիրներն ու մարտահրավերները, այն թիրախները, որոնց կառավարությունը պետք է հասնի: Ռազմավարությունը կներառի նաև գործողությունների պլան, թե ինչ ռեսուրսներ կան, ինչպես պետք է դրանք օգտագործվեն, որպեսզի հնարավոր լինի դիմակայել առկա մարտահրավերներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Էմիլ Տարասյանը նախ նկատեց, որ աշխարհում տեխնոլոգիաների առումով շատ արագ տեմպերով փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ենթադրում են նաև համակարգերի և խնդիրների լուծման մեթոդների փոփոխություն, ինչով էլ պայմանավորված է նոր ռազմավարություն մշակելը և ժամանակին համընթաց քայլելու գործողությունների հստակ պլան ունենալը:

Փոխնախարարը նոր ռազմավարության անհրաժեշտությունը հիմնավորելու, ինչպես նաև ապագայի սպասումները հասկանալու համար նախ ներկայացրեց  «Դավոս» միջազգային ֆորումի հիմնադրի մի շարք կանխատեսումներ, թե 2025թ. ինչպիսին կլինի մարդկանց կյանքը: Օրինակ նշվում է, որ 2025թ. մարդկանց մեծ մասը հագած կլինի այնպիսի հագուստ, որը միացված կլինի ինտերնետի: Մարդկանց 90 տոկոսը հնարավորություն կունենան անվճար և անսահմանափակ քանակով ինֆորմացիա պահել: Նշվում է, որ մեկ տրիլիոն տվիչներ միացված կլինեն ինտերնետին: Այսինքն` մեր կյանքն ամբողջությամբ դառնալու է վիրտուալ: Ըստ կանխատեսման` 2025թ. կստեղծվի առաջին ռոբոտ դեղագործը: Այսինքն` ռոբոտները կստեղծեն դեղեր: Մարդկության 80 տոկոսը կլինի նաև վիրտուալ աշխարհում: Կներդրվի 3D տպագրությամբ առաջին մեքենաշինական գործարանը: Կձևավորվեն կառավարություններ, որոնք մարդահամարը կփոխարինեն Big data-ների վերլուծություններով: 2025թ. կձևավորվի առաջին իմպլանտ սմարթֆոնը, այսինքն` սմարթֆոն մարդու մաշկի տակ: Սպառման ապրանքների 5 տոկոսը կստեղծվեն 3D տպիչներով, մարդկանց 90 տոկոսը սմարթֆոն է օգտագործելու, 90 տոկոսը ինտերնետի հասանելիություն է ունենալու, առանց վարորդ մեքենաները կազմելու են ընդհանուր մեքենաների թվի 10 տոկոսը և այլն: «Եթե նայում ենք այս ցանկին, բավականին հետաքրքրիր փոփոխություններ են սպասվում աշխարհում, և այս պարագայում մենք` որպես կառավարություն, անելիքներ ունենք: Մենք պետք է այնպես անենք, որ մեր հասարակությունը ոչ միայն լինի այս նոր տեխնոլոգիաների օգտագործողը, այլ մասնակցություն ունենա դրանց ստեղծմանը: Մեր ամբիցիաներն այս հարցում մեծ են: Եթե չհասնենք դրան, տնտեսության մեջ մեծ զարգացում չենք կարողանալու ապահովել: Մենք պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, պետք է արժևորենք մարդկային կապիտալը, աշխատենք մարդկային կապիտալի վրա, որպեսզի կարողանանք այն ծառայեցնել մեր հասարակության  բարեկեցությանը»,- ընդգծեց Էմիլ Տարասյանը:

Փոխնախարարն ընդգծում է, որ կառավարությունը պետք է հստակ ռազմավարական մոտեցում ունենա: «Մենք պետք է ունենանք գործուն փաստաթուղթ, որը կլինի ոչ այնքան ծավալուն, սակայն որում հստակ նկարագրված կլինեն, թե ինչ փուլում է գտնվում Հայաստանը ինովացիոն քաղաքականության, տեխնոլոգիաների մշակման, կրթական ոլորտներում և ինչ փուլի պետք է հասնի առաջիկայում: «Մենք այս տարի սկսել ենք ինովացիոն քաղաքականության ռազմավարության մշակումը: Ռազմավարություն, որը կնկարագրի իմ թվարկած բոլոր խնդիրները և այն թիրախները, որոնց պետք է հասնենք հստակ թվային նկարագրերի արդյունքներով: Մենք ունենք նաև միջազգային աջակցություն: Եվրոպական Միության կողմից ունենք ֆինանսական աջակցություն: Փորձագիտական աջակցություն լինելու է նաև տեղական և միջազգային կառույցների կողմից, իսկ աշխատանքները իրականացվելու են պետական և մասնավոր սեկտորների մասնակցությամբ: Սա լինելու է ընդգրկուն ռազմավարություն, որից պետք է բխի և «թվային Հայաստան» ռազմավարությունը, և ինդուստրիալ ռազմավարությունը»,- ընդգծեց Էմիլ Տարասյանը:

Նա  նաև բացատրեց, թե ինչու այդ ամբողջը չեն ներառում ինովացիոն քաղաքականության ռազմավարության մեջ: Նրա խոսքով` 5 տարվա ռազմավարություն մշակելով` չպետք է իրականությունից կտրվեն և շարունակեն նաև ավանդական գործիքակազմով աջակցությունը: «Օրինակ, մենք արդյունաբերության մեջ վարկեր ենք սուբսիդավորում: Այսինքն` այս գործիքակազմերը կտրել և աջակցել միայն նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, խնդրահարույց կլինի: Մենք այդ անցումը պետք է սահուն կատարենք, սակայն դա նշանակում է, որ մենք այդ ավանդական գործիքակազմերի հետ պետք է կիրառենք նաև գործիքակազմեր, որպեսզի մեր տնտեսվարողը զարգանա»,- մանրամասնեց Տարասյանը:

Անդրադառնալով հարցին` ե՞րբ պատրաստ կլինի ռազմավարությունը, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ  մինչև տարվա վերջ կունենան իրավիճակի վերլուծություն: Մյուս տարվա մինչև մարտ-ապրիլ արդեն կունենան հաստատված գործողությունների ծրագրով ռազմավարություն: «Մենք ամրագրել ենք, որ արդեն 2018թ. սկսելու ենք այդ ռազմավարության իրականացումը»,- ասաց նա:

Փոխնախարարը հիշեցրեց, որ գլոբալ ինովացիայի ինդեքսում Հայաստանը 127 երկրների թվում 59-րդ տեղն է զբաղեցնում` ընդգծելով, որ Հայաստանի զարգացման տեմպերն այս առումով դանդաղ են ընթանում, քանի որ անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը:  «Ես կարող եմ նաև ներկայացնել ենթաբաղադրիչները, թե որտեղ ենք մենք լավ դիրքերում գտնվում, որտեղ` վատ: Մենք մեր ռազմավարությունը հիմնականում պետք է կենտրոնացնենք մեր թույլ կողմերի վրա: Հայաստանը լավ դիրքերում է քաղաքական կայունության, հարկերի վճարման թուլացման ենթաբաղադրիչով 47-րդն ենք: Նոր բիզնես բացելու հասանելիությամբ 9-րդն ենք, շուկայի կատարելագործման առումով 46-րդն ենք, Վիքիպեդիային մեր հասանելիությամբ 7-րդն ենք, սակայն այս ամենին զուգահեռ մարդկային կապիտալի ինդեքսում 103-րդ տեղն ենք զբաղեցնում, ենթակառուցվածքներով 91-րդն ենք, իսկ սա գալիս է նրանից, որ կրթության ինդեքսում Հայաստանը 101-րդն է: Այսինքն` հենց կրթության կոմպոնենտն է, որ մեզ բավականին հետ է գցում այս մասով: Մենք բավականին աշխատանք ունենք անելու կրթության որակի վրա աշխատելու առումով: Կրթությանը պետք է լուրջ ուշադրություն հատկացնենք մեր ինովացիոն քաղաքականության մեջ»,- ասաց Տարասյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնահերթ պետք է լինի գլոբալ ինովացիայի ինդեքսում բոլոր ենթաբաղադրիչներով ցուցանիշների բարելավումը, քանի որ այն ներառում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ցուցանիշների փոփոխությունները նաև շատ արագ կզգա նաև հասարակությունը:

Շանթ Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]