1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/77. «Կամելիազարդ տիկինը» և «Ցասման ողկույզները» գրքերը մեր աղյուսակում են

Երևանյան բեսթսելեր 4/77. «Կամելիազարդ տիկինը» և «Ցասման ողկույզները» 
գրքերը մեր աղյուսակում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպը: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը չորրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ալեքսանդր Դյումա (որդի) «Կամելիազարդ տիկինը» վեպը վերադարձել է մեր ցանկ ու զբաղեցրել պատվավոր հինգերորդ հորիզոնականը: Այն  ներկայանում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթիե) և երիտասարդ, ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթիեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկանում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։

Վեցերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գիրքն է: Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: 
Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»: 

Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»  վեպն այս շաբաթ կրկին  յոթերորդն է: Այն  դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով դրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

Ութերորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը  մեծ հաջողություն է ունեցել կինոարվեստում:

Նորից մեր աղյուսակում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը, որն իններորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գործը:    Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

 Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 22
2 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 16
3 +1

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 13
4 -1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 7
5 *

Ալեքսանդր Դյումա (որդի)

«Կամելիազարդ տիկինը»

Անտարես 7
6 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 6
7 0

Կամիլ Լըմոնյե

«Տղամարդու սերը»

Անտարես 4
8 +1

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 4
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 4
10 *

Ջոն Ստայնբեք

«Ցասման ողկույզները»

Զանգակ 4

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]