Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը ներկայացվեց ընթերցողներին


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերիս հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին «Բուկինիստ» խանութ սրահում:

«Գիրքը վերերկրային գաղափարների մասին չէ: Ներկայացրել եմ երկրի կյանքը, որը գոյություն ուներ 25 տարի առաջ և այսօրը՝ իր լավ և վատ դրսևորումներով: Նախկինում շատ դրական երևույթներ կային, որոնք, ավաղ, վերացել են: Այդ կորստի ճանապարհն եմ ցույց տվել, սակայն պատճառների մասին մտածելը, վերլուծելը և լուծումներ առաջարկելը թողել եմ ընթերցողներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հեղինակը:

Սամվելյանի խոսքով՝ գիրքը կրում է պատմվածքներից մեկի վերնագիրը: «Այդ գործը պատմում է երիտասարդ տղայի մասին, որը ցանկանում է մեծ նկարիչ դառնալ, սակայն վարձը չվճարելու պատճառով դուրս է մնում համալսարանից: Պատմվածքի միջոցով անդրադարձել եմ մեր հասարակությունում գոյություն ունեցող  բարքերին, օրենքներին, գումարային խնդիրներին, որոնք ճնշում են անհատին: Շատ եմ կարևորում նաև  «Շքամուտք» պատմվածքը, որում փորձել եմ ցույց տալ, որ որքան կյանքը բարեկեցիկ է դառնում, այնքան մարդիկ օտարանում են միմյանցից, անտարբեր ու սառը դառնում: Սակայն գիրքն, այնուամենայնիվ, ունի դրական վերջաբան. այն ավարտվում է հարության պատգամով, որը լի է հույսով»,- ընդգծեց Դավիթ Սամվելյանը:

Նոր գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունը՝ միմյանց, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտությանը։ Գրքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված «ճիշտ» բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։
Գրքի վերջում զետեղված են հավելվածներ, որոնցում հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն էսսեներն ու բանաստեղծությունները, որոնք առավել շատ են սիրել ընթերցողները։ «Ռոդենի ձմեռը» գիրքը խմբագրել է Արմինե Բոյաջյանը,
սրբագրել`Աննա Ալեքսանյանը: Շապիկի նկարի հեղինակն է Մանու Հարությունյանը,
համակարգչային շարվածքը` Էդվարդ Սեփանյանի:
Դավիթ Սամվելյանը ծնվել է 1983 թվականին Երևանում: Նա ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը: 2008-2009 թվականներին եղել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2009-2012-ին` Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի վերակացու: Սա հեղինակի չորրորդ ժողովածուն է` «Լուսե երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ