1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան 

«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ կան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի հետ կապված։

«Ընդհանուր առմամբ համակարգչային հմտությունների դասավանդման խնդիր կա՝ ընդ որում ոչ միայն Հայաստանում։ «Համակարգչային հմտություններ» առարկան միակն է դպրոցում, որի ժամանակ մեծ հավանականություն կա, որ աշակերտը ավելի մեծ հմտություններ ունենա, քան ուսուցիչը։ Աշակերտներից մի երկու հոգի կարող են խորացված գիտելիքներ ունենալ քիմիայից, ֆիզիկայից և այլն։ Ինֆորմատիկան այն ոլորտն է, որտեղ դպրոցականները արագ են «առաջ վազում»։ Մենք պետք է հաշվի առնենք սերնդի առանձնահատկությունները»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Երկրորդ խնդիրը, նրա կարծիքով, այն է, որ դասագիրքը ինչպես էլ գրվի, միևնույն է, հնանալու է։ 
«Դասագիրք գրողը տեխնիկական պատճառներով չի կարող լավ գիրք գրել, քանի որ այդ ոլորտը շատ արագ է զարգանում։ Խնդիրը նաև նրանում է, որ մարդ ֆիզիկապես ունակ չէ պահել դասագիրքն այնպես, որպեսզի այն մնա արդիական»,- շեշտեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։ 
Նրա կարծիքով, «Ինֆորմատիկա»-ն պետք է լինի մի առարկա, որն անցնող երեխաները պետք է ավելի լայն աշխարհայացք ունենան և իմանան, թե ինչ կա աշխարհում, այլ ոչ թե սևեռվեն, օրինակ, paint-ից կամ word-ից օգտվելու եղանակների վրա։ 
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանի կարծիքով, երեխաները չպետք է սովորեն միայն windows օպերացիոն համակարգ, այլև այն, թե ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգը, դրա տեսակներին ծանոթանան։ 
«Համոզված եմ, որ օպերացիոն համակարգերի տարբերակները շատ ավելի լավն են։ Եթե, այսօր windows-ի արտադրանքը դպրոցներին ինչ-որ կերպ տրվում է անվճար, ապա Photoshop, Corel draw ծրագրերը ընդհանրապես չեն դիտարկվել։ Այս դեպքում երեխաներն ի սկզբանե տեսնում են, որ գործ ենք ունենում ոչ արտոնագրված արտադրանքի հետ՝ ձեռք չենք բերում արտոնագրերը։ Այս ամենն արդեն իսկ երեխաների դաստիարակության վրա շատ բացասական է ազդում, որովհետև երեխան սկսում է մտածել, որ ինչ-որ կերպ կարելի է շրջանցել օրենքները»,- ասաց Հասմիկ Այվազյանը։ 
Նրա խոսքով՝ դասավանդումն իրականացավում է այնպես, ինչպես ծրագիրը պահանջում է, բայց իր համար նախընտրելի է, որպեսզի լինեն որոշակի ազատություններ դասի անցկացման հարցում։ 
«Մեզ մոտ այդ առարկան զուգորդվում է նաև ռոբոտաշինությամբ։ Խմբակ այցելելու ժամանակ երեխաներն ավելի լայն ինֆորմացիա են ստանում և մեծ գործ են կատարում»,- նշեց «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբանը։  
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ Սեյրան Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Ինֆորմատիկա»-յի դպրոցական ծրագրերը հաստատվել են 12 տարի առաջ։ 
«Այդ առարկայի դասագրքերի մրցույթն իրականացվել է 7-8 տարի առաջ, ընդ որում մրցույթի համար տրված էր ընդամենը 6-7 ամիս։ Դրանից հետո եղել են հանրային քննարկումներ, որոնց ժամանակ արված բոլոր դիտողությունները և առաջարկները հաշվի են առնված»,- նշեց Սեյրան Ավետիսյանը։ 
Նա ընդգծեց մի ցավալի փաստ՝ կապված ավագ դպրոցների դասագրքերի մրցույթի հետ. այն ժամանակ միայն մեկ գիրք է եղել ներկայացված, և հենց դա էլ անցել է մրցույթով։ 
«Գրքի ստեղծման գործընթացի վերաբերյալ կարող եմ ասել, որ կա հաստատված ծրագիր։ Այդ գիրքը մրցույթով անցնելու համար կետ առ կետ նայվել է ամեն ինչ։ Եթե որևէ կետ չէր համապատասխանում, ապա մրցույթից այդ գիրքը դուրս էր մղվում։ 2015-2016 թվականներին ոչ մի դասագրքի մրցույթ չի եղել, ուղղակի այդ տարիներին վերահրատարակվել է գիրքը։ Այդ իրավունքը պատկանում է հրատարակչությանը»,- ասաց ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]