Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագաhին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպանը

Նախագաhին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սիրիայի նորանշանակ 
դեսպանը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման և ամրապնդման հնարավորություններին: Հանրապետության Նախագահը և Սիրիայի դեսպանը նաև մտքեր են փոխանակել Սիրիայում և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրավերների շուրջ: 

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սիրիայի իշխանություններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխավորությամբ, կկարողանան դիմակայել այդ մեծ փորձությանը, և երկրում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն, ինչում Հայաստանը շահագրգռված է: 

«Պատմության տարբեր ժամանակահատվածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձություններ, և ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:
Հայաստանը խորապես մտահոգված լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցավով է հետևել իրադարձություններին և հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ինչպես զրկանքների ենթարկված սիրիահայ համայնքին, այնպես էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը: 

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ Սիրիայի իշխանությունները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը և աջակցությունը երկրում խաղաղության և կայունության հաստատման գործում: Դեսպանը դրվատանքով է խոսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խոսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]