Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Ապրիլ

Եվրոպայում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան դատ Ադրբեջանի նկատմամբ. Շավարշ Քոչարյան


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ստեղծված սկանդալը, հարուցված քրեական գործը, ինչպես նաև Ադրբեջանի շահերի համար եվրոպացի պատգամավորներից ոմանց կաշառվելու հանգամանքը ապտակ էր Եվրոպային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով օրերս բրիտանական մամուլում հրապարակված՝ ալիևյան կլանի կողմից տարբեր երկրների պատգամավորներին գումարներ վճարելու համար բացված շուրջ 3 մլրդ դոլարանոց հաշվի շուրջ առաջացած սկանդալին՝ Քոչարյանն ընդգծեց, որ պատահական չէ այն, որ այս իրադարձությունների կոնտեքստում Ադրբեջանի պատասխանը մեկն է՝ իբրև թե հայերն են արել, ինչ պատահում է՝ մեղավորը հայերն են:

«Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում, որ այդ բոլորը տեղի է ունեցել: Սա իրենց պաշտոնական պատասխանն է: Այսինքն՝ ստացվում է, որ այդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրենց իմացության երեք միլիարդ գումար է դուրս հանվել»,- հավելեց փոխարտգործնախարարը:

Իրավիճակից օգտվելու՝ Հայաստանի հնարավորությունների մասին հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ճիշտ հասկանանք: Մեկը նստած է դատարանում, դատում են, դու էլ ասում ես՝ ինչ քայլեր կարող ես ձեռնարկել: Իրականում սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նկատմամբ դատ՝ փոխաբերական, ոչ թե իրավական առումով: Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ Եվրոպայով, խոսում է այն մասին, որ մարդկանց համբերության բաժակը լցվել է: Մարդիկ թույլ են, նույնիսկ եվրոպական պատգամավորներ, Եվրոպայի սրտից այդ գայթակղությանը չեն դիմանում: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դրանք այն պատգամավորներն են, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է, նրանք ընտրվելու հնարավորություն չունեն»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ