Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դպրոցը ոչ միայն գիտելիք, այլ նաև ընկերներ ձեռք բերելու միջավայր է. Արա Բաբլոյանը մասնակցեց ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը

Դպրոցը ոչ միայն գիտելիք, այլ նաև ընկերներ ձեռք բերելու միջավայր է. Արա Բաբլոյանը 
մասնակցեց ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի  օրվա կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Արգենտինայի Հանրապետություն» № 76 հիմնական դպրոցում մասնակցեց ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծեց, թե շատ ուրախ է, որ հերթական անգամ առիթ է ընձեռվել մասնակցելու ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը այն դպրոցում, որտեղ սովորել է ինքը: «Շատ հպարտ եմ, որ ավարտել եմ հենց այս դպրոցը և հիմա ևս մեկ անգամ առիթ ունեմ այստեղ մասնակցելու ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը: Դպրոցը ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև մարդկանց հետ շփվելու, ընկերներ ձեռք բերելու միջավայր է: Ընկերության և բարեկամության շատ վառ օրինակ է հայ-արգենտինական բարեկամությունը, իսկ այդ բարեկամության վկայությունն է Երևանում հայ-արգենտինական դպրոցի առկայությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Արա Բաբլոյանը:

Նա հավելեց, որ հայ-արգենտինական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, սակայն այն ավելի ընդլայնելու, ամրապնդելու անհրաժեշտություն կա: «Մենք դեսպանի  հետ խոսում էինք և արդյունքում եկել ենք եզրակացության, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետք է ավելի ընդլայնենք: Պետք է մտածենք, թե ինչ նոր ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի նոր թափ հաղորդենք հայ-արգենտինական հարաբերություններին»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանում նշում են գիտելիքի օրը` հավելելով, որ կցանկանար փոքրիկ ուղղում մտցնել: «Ես առաջարկում եմ, որպեսզի այն անվանենք գիտելիքի և ընկերության օր, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր յուրահատուկ սեր են տածում ինչպես գիտելիքի, այնպես էլ ընկերության նկատմամբ: Իսկ այս դպրոցը հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամության վկայությունն է»,- նշեց դեսպանը` հույս հայտնելով, որ առաջիկայում այբ բարեկամությունն էլ ավելի կխորանա, իսկ ինքը դեռ շատ առիթներ կունենա հայ-արգենտինական դպրոցում տարբեր միջոցառումների մասնակցել:

ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը մասնակցեցին նաև դպրոցին գրքերի նվիրատվության հանդեսին: Միջոցառման ավարտին` ի նշան հայ-արգենտինական բարեկամության, աղավնիներ օդ բաց թողնվեցին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]