Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երևանյան բեսթսելեր 4/76. «Նա, ով մենակ է», «Քաջ Նազար» գրքերն ամենավաճառվածների աղյուսակում են


ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վերադարձել է ցանկ և երրորդ տեղում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Հինգերորդ տեղում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գիրքն է:  Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, ետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» հարատևորեն արդիական երկը, որը կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:

Վեցերորդ հորիզոնականում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»  վեպը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է մեր աղյուսակ և զբաղեցրել յոթերորդ պատվավոր տեղը: Այն  դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով դրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:

Գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի «Նա, ով մենակ է» ստեղծագործությունը ութերորդն է:  Գ. Բենը գրական մոդեռնիզմի, գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:

Իր դիրքերը զիջել և իններորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը  մեծ հաջողություն է ունեցել կինոարվեստում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թ. ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։

 Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 29
2 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 29
3 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 11
4 +2

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 10
5 Նոր

Դերենիկ Դեմիրճյան

«Քաջ Նազար»

Զանգակ 7
6 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 6
7 *

Կամիլ Լըմոնյե

«Տղամարդու սերը»

Անտարես 6
8 Նոր

Գոթֆրիդ Բեն

«Նա, ով մենակ է»

Անտարես 6
9 -2

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Զանգակ 5
10 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 5

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ