Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ. ՀՀ Նախագահն ընդունեց բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին

Երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ. ՀՀ Նախագահն ընդունեց 
բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած, միջազգային օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած և կրթական տարբեր մրցույթների մասնակից աշակերտները ՀՀ Նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևները, հավաստագրերն ու նվերներն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարգևներն  ու հավաստագրերը աշակերտներին հանձնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Միջոցառման ընթացքում հավաստագրեր ստացան «Կենգուրու. Մաթեմատիկան բոլորի համար» միջազգային մրցույթում և «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթում հաջողությունների հասած աշակերտները: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով գերազանցության մեդալով պարգևատրվեցին ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, նվերների արժանացան դպրոցական միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճած երեխաները:

Պարգևների, հավաստագրերի և նվերների հանձնման արարողությունից հետո ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Կենգուրու», «Մեղու» և կրթական այլ մրցույթներում ձեր հաջողությունները ուժ ու եռանդ են հաղորդում մեր ժողովրդին, իսկ անձամբ ինձ ոգևորում են և հավատ ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում: Դրանով մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր երկրի ապագան կապում ենք կրթության և գիտության հետ: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը երբեք չի կարելի կանխարգելել: Ընդհակառակը` մենք ցանկանում ենք, որ այն շատ արագ տարածվի»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա հավելեց, որ հայ ժողովուրդը գիտության հանդեպ միշտ մեծ սեր է տածել, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ հայերը, ուր էլ որ հասել են, առաջինը դպրոց են հիմնել: «Հենց դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակների դժվարությունները հաղթահարել և հասնել 21-րդ դար: Հիմա էլ դուք նպաստում եք մեր ժողովրդի հարատևմանը: Ես ցանկանում եմ, որ ձեր ողջ կյանքի ընթացքում ձեզ ուղեկցի աշխատասիրությունը: Բարեկեցության և մրցունակության հիմքը գիտելիքն է, իսկ գիտելիք ստանալու հարցում Հայաստանի Հանրապետությունը միշտ ձեր կողքին է»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիսի 17-ամյա բնակիչ Նարեկ Շահունցն ընդգծեց, որ ցանկացած աշակերտի և ուսանողի համար մեծ պատիվ է ներկա լինել ՀՀ Նախագահի նստավայրում և անձամբ երկրի Նախագահից և կրթության նախարարից ստանալ իրենց հասանելիք պարգևներն ու նվերները: «Մասնակցել եմ կենսաբանության մարզային օլիմպիադաների, ունեցել եմ հաջողություններ: Ընդունվել եմ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան և ցանկանում եմ գիտելիքներս ծառայեցնել
Հայաստանում բժշկության զարգացմանը: Ընդհանրապես ես կարծում եմ, որ մեր երկրում ամենակարևոր աշխատանքն անում են բժիշկներն ու մանկավարժները և նրանց նկատմամբ ուշադրությունը մեծ պետք է լինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի բոլոր մանկավարժներին և բժիշկներին իրենց  կատարած աշխատանքի համար»,- ասաց նա:

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի շրջանավարտ Համլետ Խաչատրյանը մասնակցել է քիմիայի միջազգային օլիմպիադայի և բրոնզե մեդալ նվաճել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համլետ Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկանում է խորացնել գիտելիքները և դրանք ծառայեցնել հայրենիքի զարգացմանը: Համլետ Խաչատրյանը ևս դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան:

2017թ. «Կենգուրու» մաթեմատիկայի միջազգային մրցույթին մասնակցել է 40 հազար 467 աշակերտ Հայաստանի և 1024 աշակերտ Արցախի դպրոցներից: «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթին 2016թ. մասնակցել է 36 հազար 803 դպրոցական Հայաստանի և 942 աշակերտ Արցախի դպրոցներից: Մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել 522 աշակերտ:

2016-2017թթ ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47 հազար 500 աշակերտ: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկաներից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից հայ աշակերտները մասնակցում են միջազգային օլիմպիադաների: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկաներից հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմի է արժանացել 63 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի դիպլոմի` 156 աշակերտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]