Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը

Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի 
պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դիվանագետ Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հեզեր Նոյերթի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է եվրոպական ու միջազգային կազմակերպություններում աշխատելու Շոֆերի մեծ փորձը: Նախքան ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելությունների ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը:

2015 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նա եղել է առաքելության ղեկավարի տեղակալը: 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի օգոստոս նա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում աշխատել է որպես խորհրդական:  2011-2014 թվականներին Շաֆերը զբաղեցրել է Կիպրոսում ԱՄՆ  փոխդեսպանի պաշտոնը: Աշխատել է նաև Քուվեյթում, Բահրեյնում և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանություններում:

Վաշինգտոնում նա աշխատել է պետդեպարտամենտի Իրաքի բաժնում, եղել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի օգնականը:

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման: Ինչպես նշվում էր հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում՝ ԱՄՆ-ն աջակցում է խնդրի արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ինչը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների մասին: Էնդրյու Շոֆերն ակնկալում է աջակցել կողմերին հասնելու այս նպատակին»,- ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:

Նա հայտնել է նաև, որ Շոֆերի կողմից պաշտոնը ստանձնելու վերաբերյալ պաշտոնապես տեղեկացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ