Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանն ու Մոսկվան հուսալի դաշնակիցներ են. Սարգսյանն ու Պուտինը փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

Երևանն ու Մոսկվան հուսալի դաշնակիցներ են. Սարգսյանն ու Պուտինը փոխանակվել 
են 
շնորհավորական ուղերձներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ փոխանակվել են շնորհավորական ուղերձներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ:

Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ: Տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը:

Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում:

Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և մենք բարձր ենք գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»:

Վլադիմիր Պուտինն իր շնորհավորական հեռագրում ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հին ու հարուստ պատմությունը, որի հիմքում մշտապես եղել են երկու երկրի ժողովուրդներին կապող բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր կապերը:

«1997 թվականի պայմանագիրը Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբն է դրել: Նման կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակական աճի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, որոնք նախորդ երկու տասնամյակում դուրս են եկել դաշնակցային փոխգործակցության մակարդակի. Մոսկվան և Երևանը արդյունավետ կերպով համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, կոորդինացնում են ջանքերը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման նպատակով:

Ռուսաստանի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքները հայ-ռուսական կապերի ողջ համալիրի հետագա զարգացման համար՝ ի շահ եղբայրական երկու երկրի ժողովուրդների:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]