Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱՄՆ-ը ներկայացնող նոր մշտական համանախագահ ունի. ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն առաքելությունն ավարտում է օգոստոսի 28-ին: Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահն է Էնդրյու Շոֆերը: Այս մասին հայտնել է Հոգլանդը՝ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում հանդիպման ընթացքում: «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ունի իրական փորձ Կիպրոսի եւ այլ հակամարտությունների կարգավորման գործում»,- ասել է Հոգլանդը: Նա նշել է. «Այս խնդիրը չի սկսվել նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»,- ասել է Հոգլանդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերակելով Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից: Նա ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հանդիպմանը ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել է այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի. «Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի Հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը (դրանք ներառում են նաև ազգերի ինքնորոշման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները-խմբ.): Տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված. դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Համապատասխան հռչակագիրը ստորագրել է Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը: Այովան ԱՄՆ 47-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանը ողջունում է ԱՄՆ Այովա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին գրառումը կատարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում: «Մենք ողջունում ենք Այովայի կողմից, նահանգապետի հռչակագրով, Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- նշված է գրառման մեջ:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սոչիում հանդիպել է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը անդրադարձել են նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Ողջունելով ՀՀ Նախագահին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այս տարի երկու երկրները նշում են լավ տարեդարձներ համագործակցության շրջանակներում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, իսկ մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, նշվելու է բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի 20-ամյակը: «Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվեցին: Մեզ մոտ առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, կա երկկողմ համագործակցություն և՛ տնտեսության, և՛ անվտանգության, ռազմական ոլորտում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները Երևանում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են գլոբալ խաղաղությանը նպաստելու հարցում փոխգործակցությունն ամրապնդելու  փոխադարձ ձգտումը: Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին այս մասին ասաց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: «Պատրաստակամություն ենք հայտնել այդ ուղղությամբ գործընկերություն զարգացնել ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՄԱԿ-Ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում»,- ընդգծեց Թուրքմենստանի նախագահը: Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են միավորել ուժերը միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հարցում, այդ թվում` ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում: Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են Համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ: Դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել օգնության խնդրանքին արձագանքող բոլոր երկրներին՝ այդ թվում Հայաստանին: Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:

Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ Twitter-յան էջում: «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսարանից ստացված նախնական տվյալներով՝ Կուբանում վթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Քաղաքացիությունը ճշտվում է»,-նշված է գրառման մեջ: Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսն ընկել է ծովը: Զոհվել է առնվազն 12 մարդ, 20-ին հաջողվել է փրկել, եւս երեքի ճակատագիրն անհայտ Է: «Ավտոբուսում եղել է 35 մարդ՝ Վոլնա ավանում «Թամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Նրանցից 12-ը զոհվել են, 20-ը փրկված են: Երեքի ճակատագիրը հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Վրաստանի GHN լրատվական գործակալությունը շարունակում են համագործակցության շրջանակներն ընդլայնելուն ուղղված քայլերը: Օգոստոսի 23-ին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը Երևանում ընդունել է GHN լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Չումբուրիձեին: Լրատվական գործակալությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձ կատարել նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հուլիսին 6,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հուլիսի ցուցանիշը 7,8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 11,8 տոկոսով` կազմելով 774 մլրդ 537.2 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 2,1 տոկոսով` կազմելով 334 մլրդ 833 մլն դրամ:

Ծաղկաձորում տեղի ունեցավ «Բազե – 2017» համահայկական հավաքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և այլք: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց «Բազե»-ի 2017 թվականի մասնակիցներին և նշեց, որ այս հավաքը խորհրդանշական է, քանի որ «Բազե»-ն նշում է իր հիմնադրման 15-ամյակը: «Օգտվելով առիթից՝ հորդորում եմ ձեզ լինել ազատ, լինել  ակտիվ, պարբերաբար աշխատեք ինքներդ ձեր վրա, որպեսզի լինեք ավելի մրցունակ և ժամանակակից, վաղվա օրվան նայեք վստահ և համարձակ և իհարկե, ամենակարևորը, սիրեք մեր երկիրը»,- ընդգծեց Կարապետյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում: Հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել ճամբարի տարածքում տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետՍարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ: «Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից»,- նշել է Սերժ Սարգսյանը: 

Օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տվեց «Ուսուցիչ» նախաձեռնության մեկնարկը։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. ««Մենք մի քանի մտահոգություններ ունենք՝ կրթության որակի հիմնախնդիրը կրթության մեջ ներգրավվածների և մասնագիտությունների ուղղվածության հարցն է։ Շատ մտահոգիչ է այն, որ բարձրագույն կրթական համակարգում մեր բակալավրական շրջանավարտների շուրջ 70  տոկոսը հումանիտար կրթության ներկայացուցիչներ են։ Մյուս 30  տոկոսի զգալի մասը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ապա տեսնում ենք, որ բնական գիտությունների պահպանման հարցում մեծ մտահոգություն ունենք»։

 «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում որսը կարգելվի։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ռուսական ռուբլիով և եվրոյով:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագծին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ասաց, որ որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Նրա խոսքով, «ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՌԱԿ մամուլ (ragmamoul.net)  համացանցային պորտալը համագործակցության նոր հարթակ են ձևավորում, որը հնարավորություն է տալիս հայկական պետական լրատվական գործակալության տեղեկատվական նյութերը հասանելի դարձնել սփյուռքի մի շարք լրատվամիջոցների համար, ինչպես նաև ձևավորել արևմտահայերեն բովանդակություն: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ մամուլ համացանցային հարթակի պատասխանատու Սևակ Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 

Սփյուռք

Երուսաղեմ քաղաքի Վիա Դոլորոսայի կանաչ դռան հետևում Հին  քաղաքով անցնող քրիստոնեական ուխտագնացության ուղին է, որն իրենից ներկայացնում է մի փոքր սենյակ՝ լի գունավոր խեցե ծաղկամաններով, սալիկներով և շատ ու շատ այլ մշակութային իրերով: Այդ ստեղծագործություններից շատերը պարունակում են խաչեր և բիբլիական տեսարաններ, որոնք քաջ հայտնի են այս վայրը հաճախ այցելող քրիստոնյա զբոսաշրջիկներին: Դարեր շարունակ տեղի այս հայկական խեցեղենի արտադրությունը մի յուրահատուկ արվեստի ճանապարհով իր շուրջն է հավաքել սուրբ քաղաքի խոշոր կրոնները: Այս մասին հայտնում է Tablet-ը: Երուսաղեմում գտնվող այս խանութի կառավարիչ, այստեղ ծնված 50-ամյա Հակոբ Քարաքաշյանը, ում պապն եղել է քաղաքում խեցեղենի մշակմամբ զբաղվող առաջին անհատներից մեկը, նշում է, որ իրենք հպարտ են այն գործով, որով զբաղվում են...

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը բողոք է ներկայացրել ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի: «Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Քարամանը գրառում էր կատարել, որով վիրավորել էր քրիստոնյաներին: «Գյավուրից  բարեկամ դուրս չի գա, խոզի կաշվից էլ՝ սփռոց»,- գրել էր սյունակագիրը: Գարո Փայլանը Քարամանի դեմ Թուրքիայի դատախազություն բողոք է ներկայացրել ժողովրդի մեջ միմյանց նկատմամբ ատելություն սերմանելու և քրիստոնյաներին նվաստացնելու մեղադրանքներով:

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազզո գյուղի 76-ամյա բնակչուհին պատմել է, որ թուրք հատուկջոկատայինները, կասկածելով հայ լինելու մեջ, իրեն ճնշումների են ենթարկել: Քրդական Հազզո գյուղի բնակչուհի Սանիյե Էքթինն իր թոռնուհուն պատմել է, որ իրենց տուն են այցելել քաղաքացիական հագուստով թուրք հատուկջոկատայիններ և հայերեն խոսել: Նրանք քուրդ կնոջ տանը «Աստվածաշունչ» տեսնելով՝ հայերեն ասել են. «Եթե հայ ես, քողարկվելու կարիք չկա, անկեղծ ասա մեզ»:

Միջազգային խճանկար

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից: Լրագրողը կատարվածի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Այսօր՝ Սիրիայի ահաբեկիչներին մատակարարվող զենքի վերաբերյալ իմ հետաքննած գաղտնի փաստաթղթերի առնչությամբ Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունում հարցաքննությունից հետո, «Trud Daily» օրաթերթը՝ Սիրիա մեկնելուց և իմ աշխատանքը շարունակելուց ընդամենը մի քանի օր առաջ ինձ հեռացրեց աշխատանքից», - ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրողը՝ կցելով իր հետաքննական նյութը: Նա միաժամանակ կասկած է հայտնում, որ նյութը կարող է հեռացվել«Trud Daily» օրաթերթի կայքից: Դիլյանա Գայտանջիևան հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի  վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն: «Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան: Նա հավելել է. «Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»։

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են С-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագրիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային: Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեվի փոխանցմամբ` պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել:

Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը Ադրբեջանի, որպես երկարաժամկետ թողարկողի և չապահովված ավանդային պարտավորությունների վարկանիշը,  Ba1-ից իջեցրել է Ba2-ի:

Հալեպի նահանգն ամբողջովին ազատագրված Է ահաբեկիչներից: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:

Չինաստանը ձեռնամուխ Է եղել ինտերնետ-անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման մասնագիտացված ինստիտուտի շինարարությանը, նախագիծը գնահատվում Է 5 միլիարդ յուան (750 միլիոն դոլար):

Դոնի Ռոստովի կենտրոնում մոլեգնած խոշոր հրդեհի վայրում փլվածքները հավաքելիս փրկարարները մարդու մարմին են հայտնաբերել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Ռոստովի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ զոհվածի անձը պարզվում Է: Հրդեհն սկսվել Է օգոստոսի 21-ի ցերեկը Դոնի Ռոստովի պատմական կենտրոնի մասնավոր հատվածում: Այրվել են շուրջ 10 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տներ: Կրակը ոչնչացրել Է շուրջ 120 շինություններ, որոնցից շուրջ 100-ը ՝ բնակելի կառույցներ են: Տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ Է գործում: Ներկայում բաց այրումը վերացված Է, կատարվում Է տարածքի ջրում եւ կոնստրուկցիաների հավաքում: Բռնկման գոտուց տարհանվել Է 650 մարդ: Բժշկական օգնության Է դիմել 58 մարդ, նրանցից ինը հոսպիտալացվել են:

Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ:

 «ԱՐԱՐ» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանումը, տարածումը և հանրահռչակումը: Այն նաև աշխատատեղեր կստեղծի տեղացի մասնագետների համար և կօգնի կանխել արտագաղթը: Lրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը: «Այս ծրագրով ուզում ենք բոլոր գյուղերում ու քաղաքներում ստեղծել մշակութային միավորներ, վերականգնել մեր մշակութային կենտրոնները: Ուզում ենք երեխաներին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին, և այդ մշակույթով դառնալ ամուր, կուռ ժողովուրդ: «ԱՐԱՐ»-ի  մասնագետները մեր մշակութային կյանքը թարմացնող հերոսներն են լինելու»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց՝ վստահ է, որ ծրագիրը հաջողություն է ունենալու: Կարևորագույն ծրագրի սկիզբն ազդարարվում է Բերդավանից:

Ականավոր արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանն օգոստոսի 21-ին հեռացել է կյանքից: Նա վերջերս էր բոլորել 79 տարին: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:  Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:

Հոլիվուդի Փառքի ծառուղում  2618-րդ պատվո աստղը օգոստոսի 24-ին շնորհվեց լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։ Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Ամեն ոք կարող է մասնակիցը դառնալ այս բացառիկ ու հավակնոտ նախագծի՝ ներդրում կատարելով «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մեջ:

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակչում մրցում էին Արթուր Ալեքսանյանը և Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևը: Ալեքսանյանը գերազանցեց մրցակցին 3:1 հաշվով: 

Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: 80 կգ քաշային կարգի եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով: ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Լևան Բերյանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում մրցում էր ռուս Անզոռ Ռուսլանովիչի հետ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Բերյանիձեն հաղթեց մրցակցին 0:3 հաշվով: 97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գեորգի Կետոևը մրցում էր Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձենի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2:2 և, քանի որ Կետոևը որակապես բարձր հնարքով էր միավոր վաստակել, հաղթանակը տրվեց Հայաստանը ներկայացնող մարզիկին: 

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի մարմնամարզության օղակների  վարժության ոսկե մեդալակիր: Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող «Ունիվերսիադա-2017»-ում երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Ուսանողական խաղերի չեմպիոն: 105 կգ քաշային կարգում նա պոկում վարժությունում գլխավերևում պահեց 180 կգ: Հրում վարժության երկրորդ մոտեցմամբ Սիմոնը գլխավերևում պահեց 221 կգ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն: Մինասյանը նախ պոկեց 195 կգ, այնուհետ` 200 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 230 կգ:

Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվեց Եվրոպայի վետերանների առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց Եվրոպայի վետերանների չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]