Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը՝ SIMFEST-ի մրցանակակիր

«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը՝ SIMFEST-ի մրցանակակիր

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պրոդյուսերների եւ հեռուստատեսությունների SIMFEST 14-րդ միջազգային փառատոնում, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-20-ին Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում, ռումին ռեժիսոր Դիանա Դելեանուի «Պատմություններ Արմենոպոլիսից» ֆիլմն արժանացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչության կողմից տրված վավերագրական կինոյի մրցանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից, ֆիլմն ստեղծվել է Գեռլայի տուրիստական կենտրոնի եւ ռումինական TVR հեռուստաընկերության միջեւ 2016 թ. սկսված համագործակցությամբ, որի արդյունքում նկարահանվել են երեք վավերագրական ֆիլմեր հին Արմենոպոլիսի մասին. «Պատմություններ Արմենոպոլիսից», «Արմենոպոլիս»  եւ «Ռումինիայի փոքրամասնությունների պատմությունը»։

 Այս վավերագրական ֆիլմերի միջոցով հեռուստադիտողները շատ մանրամասներ եւ տեղեկություններ են իմանում Տրանսիլվանիայի Սոմեշ գետի ափին գտնվող քաղաքի պատմության եւ ավանդույթների մասին: Այս կերպ Գեռլա քաղաքը հանրաճանաչ դարձավ երկրի մակարդակով: Շուտով «Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը կվերահեռարձակվի ռումինական TVR 1 հեռուստատեսությամբ:

24-րոպեանոց ֆիլմն սկսվում է Գեռլայի Օսվենցիմի տեղահանությունը վերապրած վերջին հրեա բնակիչ Զոլտան Բլումի պատմությամբ։ 90-ամյա Բլումը ըմբռնումով եւ իմաստավորելով պատմում է այն տրավմատիկ եւ ողբերգական պահերի մասին, որ ինքն ապրել է. «Ես չեմ դատապարտում որեւէ մեկին: Կային մարդիկ, ովքեր մեզ անիծեցին, բայց կային նաեւ նրանք, ովքեր մեզ օգնեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ վտանգ կա, որ նորից նույնը տեղի կունենա: Ներեք, բայց մի մոռացեք»։

Այնուհետեւ ֆիլմն անդրադառնում է Գեռլայի հայերի պատմությանը: Արմենոպոլիսը կամ Գեռլան Ռումինիայի միակ քաղաքն է, որը կառուցվել է 18-րդ դարի սկզբում, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից ՝ ըստ նախապես սահմանված պլանի, եւ Ավստրիական արքունիքի կողմից ստացել «Թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Մինչեւ այսօր պահպանվել են բարոկկո ոճի շինությունները:

Հայերը հպարտությամբ են խոսում այն ժամանակների մասին, երբ պարտքով փող էին տալիս ավստրիական կայսրերին:

 Գեռլայի հայ համայնքի ղեկավար Յոան Էստեգարը պատմում է, թե ինչպես Ֆրանց Առաջին կայսրը, որպես երախտագիտության նշան, արքունիքում հյուրնկալած Գեռլայի մեծահարուստ հայերին է նվիրում Ռուբենսի «Խաչից իջեցումը» կտավը, որն այսօր զարդարում է Գեռլայի հայ կաթոլիկ տաճարը: Գեռլան կամ Արմենոպոլիսը մնում է հայ փոքրամասնության մոռացված մայրաքաղաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]