Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի կենտրոնում փիքափը հետիոտներին վրաերթի է ենթարկել, ինչից հետո երկու զինված անձ ներխուժել են քաղաքի ռեստորաններից մեկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Փիքափը շարժվել է Բարսելոնայի տուրիստական կենտրոնում հավաքված մարդկանց ուղղությամբ, կան վիրավորներ: Ռամբլա փողոցը շրջափակվել է, փակվել է մետրոն: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ:
Վիրավորների թիվը ներկա դրությամբ հայտնի չէ: El Periodico-ի տեղեկություններով, զոհվել է մեկ, տուժել նվազագույնը 20 մարդ:
Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը համարվում է ահաբեկչություն:
Իշխանությունները տեղեկացնում են, որ խոսքը գնում է սպիտակ ավտոմեքենայի մասին: Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել, ոստիկանությունը նրան է որոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում