Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Ամաղլեբիսի փոխարեն՝ Հովհաննես Թումանյանի փողոց

Ամաղլեբիսի փոխարեն՝ Հովհաննես Թումանյանի փողոց

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Ամաղլեբիս ( նախկին՝ Դավիթաշվիլի ) 18 շենքում գտնվող այն բնակարանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն էր անցկացրել Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, անհատույց հանձնվեց Թիֆլիսի հայ համայնքին։ Դա 2017 թվականի օգոստոսի 5-ին էր։

Արժե հիշել այդ տարեթիվը։ Վերջապես…

Այդ բնակարանը թանկ է յուրաքանչյուր հայի համար, քանզի այնտեղ թևածել են Հովհաննես Թումանյանի ու Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի  ու Վահան Տերյանի,Լևոն Շանթի ու Լեոյի, Գևորգ Բաշինջաղյանի ու Նար-Դոսի և այլ մեծ հայորդիների հոգիները։

… Այս բնակարանում հաճախ էին կազմակերպվում գրական երեկույթներ, որոնց ժամանակ տեղի էին ունենում ընթերցումներ, լույս տեսած կամ տպագրության պատրաստվող գրքերի քննարկումներ, էլ չենք ասում հայրենասիրական ձեռնարկումների մասին։ Մի խոսքով, Հովհաննես Թումանյանի տունը Կովկասի հայ գրողների յուրօրինակ ակումբ էր։ 

Ինձ համար Թումանյանի այդ տունը թանկ է նաև այն պատճառով, որ Դավիթաշվիլի, 18 շենքից  մի  քանի տասնյակ մետր հեռավորությամբ էր գտնվում Ավետիք Իսահակյանի անվան 5-րդ արական միջնակարգ դպրոցը, որտեղ ես սովորել եմ ։ Մեր ուսուցիչները սիրով էին պատմում թումանյանական շենքի և այն մասին, թե ինչ դեր է խաղացել Թումանյանի բնակարանը հայ գրականության և մշակույթի զարգացման գործում։ Այդ մասին ես իմացա հետագայում, երբ արդեն բարձր դասարանցի էի, և մեզ հայ գրականություն էր դասավանդում ներսիսյանական ընկեր Հայրապետյանը, ով անձամբ ճանաչել էր Հովհաննես Թումանյանին։ Այդ շենքին առնչվող մի դրվագ է մնացել հիշողությանս հեռավոր ծալքերում։ 

… Չորրորդ դասարանի աշակերտ էի, պիոներ։ Փետրվարյան մի օր մեր դասղեկ ընկեր Ասյան մեր դասարանի մի 10-12 հոգու ազատեց դասից, և մենք շարքով գնացինք Դավիթաշվիլի, 18 շենքը։ Այնտեղ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել։ Ինչ-որ հուղարկավորություն էր։ Մեզ ներս տարան, և մենք՝ չորրորդ դասարանցի պիոներներս, պատվո պահակ կանգնեցինք ինչ-որ մի հանգուցյալի դագաղի մոտ։ Մենք անգամ չգիտեիք, թե ինչ բան է «Պատվո պահակ» և ում դագաղի մոտ էինք կանգնել։ Մեր դասղեկն ասաց, որ դա  հայտնի հայ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանն է, որի մարմինը պետք է տեղափոխվեր Երևան։

Տարիներ անց ես քանիցս առիթ եմ ունեցել պատվո պահակ կանգնել ու վերջին հրաժեշտը տալ մեր արվեստի ու գրականության շատ անվանի մշակների, պետական գործիչների։ Դա հետո էր, երբ հասուն մարդ էի և գիտակցում էի, թե ինչ ասել է պատվո պահակ։ Ասենք, որ այն տարիներին մեզանում Մեծերի պակաս չէր զգացվում։ Ինձ բախտ է վիճակվել ապրելու այն ժամանակահատվածում, երբ փողոցում զբոսնելիս կարող էիր տեսնել Մարտիրոս Սարյանին ու Երվանդ Քոչարին, Էդվարդ Միրզոյանին ու Առնո Բաբաջանյանին, Ալեքսանդր Հարությունյանին ու Ղազարոս Սարյանին,Հրաչյա Ներսիսյանին ու Ավետ Ավետիսյանին, Կոստան Զարյանին ու Պարույր Սևակին, Բաբկեն Ներսիսյանին ու Օլգա Գուլազյանին, Ռաֆայել Իսրայելյանին ու Հովհաննես Շիրազին, Գոհար Գասպարյանին ու Տաթևիկ Սազանդարյանին, Նար Հովհաննիսյանին ու Հրանտ Շահինյանին …

… Թբիլիսիում ավելացավ մշակույթի ևս մեկ օջախ։ Եվ այսօր, երբ Թումանյանի բնակարանի շուրջ ծավալված երկարամյա անառողջ քաշքշուկը վերջապես վերջ ունեցավ, ուզում եմ թիֆլիսահայերին հորդորել, որպեսզի հավատարիմ մնան մեծն Թումանյանի ավանդներին,  մշակույթի այդ նոր օջախի հնարավորություններն  օգտագործեն ի նպաստ հայապահպանության, վիրահայ համայնքի զարգացման, հայ-վրացական կապերի ընդլայնման ու խորացման։

Ավարտելով խոսքս, ուզում եմ հատկապես շեշտել Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի դերը Հովհաննես Թումանյանին վերջին բնակարանի հետ կապված տարաձայնությունների թնջուկը լուծելու գործում։ Ով գիտե, գուցե ինչ-որ ընչաքաղց մարդկանց հետ անհավասար և անվերջանալի բանավեճերի հետևանքով նրա սիրտը խոցվեց, և նա չտեսավ իր հայրենանվեր աշխատանքի արդյունքը։ Փոխարենը այդ բնակարանի նոր տերերը՝ Վրաստանի հայկական համայնքի ղեկավարությունը Թումանյանի տուն-թանգարանի սենյակներից մեկը կոչել են Լևոն Անանյանի անունով։ 

Վերջում ուզում եմ դիմել Հայաստանի գրողների միությանը, Երևան քաղաքապետարանի համապատասխան կառույցին։ Խնդրում եմ, դիմեք Թբիլիսիի համապատասխան ատյաններին, որպեսզի նրանք հնարավորություն գտնեն այն փողոցը, որտեղ գտնվում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, վերանվանեն Ամենայն Հայոց բանաստեղծի անունով։ 

Ես գիտեմ, որ իմ մանկության տարիներին Թբիլիսիում մի անշուք փողոց կրում էր Թումանյանի անունը։ Երևի, հիմա էլ այդ փողոցը դեռ կա, բայց խուլ տեղում է։ Իսկ այն փողոցը, որտեղ կանգնած է Թումանյանի շենքը, այսօր անվանափոխվել է, որից հեշտությամբ կարելի է ազատվել, քանզի այդ փողոցի անվանումը բավական չեզոք է, և ոչ ոք չի վիրավորվի, եթե նրան տրվի հայ-վրացական եղբայրության մեծ ջատագով Հովհաննես Թումանյանի անունը։ Նախկին Դավիթաշվիլու անվան փողոցն այսօր կոչվում է Ամաղլեբիս, ինչը վրացերեն նշանակում է Բարձունքի։ Կարծում եմ, եթե խնդրենք, վրացիներին կարելի կլինի համոզել։ Կարծում եմ, որ գեղեցիկ կհնչի Հովհաննես Թումանյանի փողոց, որի վերջնամասում գտնվում է մի հայ մեծահարուստի կառուցած թումանյանական տունը։

Լևոն Ազրոյան                                                                                                                                            





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ