Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի վարչապետը դիմավորել է արձակուրդում գտնվող Կարեն Կարապետյանին և մասնակցել Քարվաճառի ջրի գործարանի հիմնարկեքին

Արցախի վարչապետը դիմավորել է արձակուրդում գտնվող Կարեն Կարապետյանին և 
մասնակցել Քարվաճառի ջրի գործարանի հիմնարկեքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը՝ թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:

Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարները նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ՝ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]