Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ. Նիկի Հեյլի

Իրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ. Նիկի Հեյլի
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի պատասխան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարության, ասել Է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չի կարելի թույլ տալ Իրանին միջուկային համաձայնագիրն օգտագործել աշխահը պատանդի վիճակում պահելու համար: Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ»,- ասված Է Հեյլիի հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ներկայացուցիչը նաեւ ընդգծել Է, որ անհրաժեշտ Է «շարունակել Իրանին պատասխանատվության ենթարկել հրթիռային արձակումների, ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները քամահրելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը խախտելու համար»:

Ինչպես հայտնել են ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչությունում, հաջորդ շաբաթ Հեյլին կայցելի Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան, որտեղ միջազգային գործակալության ղեկավարության հետ կքննարկի «Իրանի միջուկային գործունեության ծավալը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը օգոստոսի 15-ին հորդորել Է «առավելագույն ջանքեր գործադրել»՝ ուժի մեջ պահպանելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին Իրանն սպառնացել Է դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ: «Եթե ԱՄՆ-ը ցանկանա դիմել նույն այն մեթոդներին (պատժամիջոցներին), ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին իրադրությանը (միջուկային գործարքի կնքմանը նախորդած)»,- ասել Է Ռոուհանին:

Իրանը եւ համաշխարհային տերությունների «վեցյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան) 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ՝ ընդունելով Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, որի իրագործումն սկսելու մասին հայտարարվել Է 2016 թվականի հունվարի 16-ին:

Այն նախատեսում Է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ այդ երկրի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]