Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայկական արտադրության ապրանքների ծավալն ավելանում է. 25 տոկոսն արտահանվում է Ռուսաստան, 26 տոկոսը՝ ԵՄ երկրներ


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական արտադրության ապրանքների ծավալն ավելացնելու և արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանում քայլեր են իրականացվում: Հայրենական արտադրության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագհ Վազգեն Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, հայրենական արտադրության ապրանքները հայաստանյան շուկայում քանի՞ տոկոս են կազմում:

-Դժվար է ասել կոնկրետ թիվ, սակայն տարեցտարի մեր ապրանքատեսակների ծավալն ավելանում է: Հատկապես տրիկոտաժի և գյուղմթերքների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսից ավելին տեղական են: Քիչ տոկոս են կազմում այլ երկրներից բերած էկզոտիկ մրգերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Տեղական ցորենը ապահովում է պահանջարկի մոտ 50 տոկոսը, իսկ մնացածը բերվում է արտերկրից:

-Հայրենական արտադրությունը խթանելու և տեղի արտադրողներին ոգևորելու, աջակցելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվում:

-Տրիկոտաժի արտադրությունը տարեցտարի ավելի կմեծանա, քանի որ կառավարությունը ծրագիր ունի 10 հազար նոր աշխատատեղ ստեղծել: Գյուղմթերքը ևս կավելանա, քանի որ ջերմոցային տնտեսությունները զարգացնելու համար կառավարությունը լուծում է գազի գնի իջեցման խնդիրը: Վերջերս էլ ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, և այդ հիմնադրամը 3 տոկոս սուբսիդավորված վարկեր պետք է տա գյուղմթերք արտադրողներին, ինչը կարևոր քայլ է: Կառավարությունը նաև ազատել է ներմուծվող սարքավորումների համար ավելացած արժեքի հարկից, որպեսզի տեղի արտադրողները կարողանան կայանալ: Հայրենական արտադրողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Նախորդ տարի 133 հազար տոննա գյուղմթերք ենք արտահանել ռուսական շուկա: Այս տարի մեր արտահանման ծավալը 6 ամսվա տվյալով 990 մլն դոլար է կազմել: Կարծում եմ՝ տարվա վերջին 2 մլրդ դոլարի ապրանք արտահանած կլինենք:

-Ո՞ր ոլորտներում ներուժ ունենք զարգացնելու հայրենական արտադրությունը:

-Մեր ներուժը մեծ է քիմիայի ոլորտում: Կառավարությունը քայլեր է իրականացնում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Մեծ ներուժ ունենք նաև ոսկերչության, թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտադրության ոլորտում:

-Ո՞ր երկրներ է արտահանվում հայկական արտադրանքը:

- Մեր ապրանքների առևտրաշրջանառության 25 տոկոսը Ռուսաստանի հետ է, 26 տոկոսը՝ Եվրամիության երկրների: ԵՄ-ի հիմնական գործընկերներն են Գերմանիան, Բուլղարիան, Բելգիան, Նիդերլանդները: Հիմնականում այդ երկրներում իրացնում ենք պղնձի խտանյութ: Կարող ենք արտահանել նաև ոսկերչական արտադրանք: Իսկ գյուղմթերքը իրացնում ենք Ռուսաստանում:

-Պարոն Սաֆարյան, օտարերկրյա ներդրումներ ունե՞նք հայկական արտադրություններում, ո՞ր երկրներն են հիմնական ներդրողները:

-Օտարերկրյա ներդրումներ հիմնականում իրականացվում են ծառայությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի մեջ: Սակայն, ցավոք, տնտեսության հիմնական ճյուղի՝ արդյունաբերության ոլորտում չեն իրականացվում: Սակայն ներդրումներ կլինեն, եթե ոլորտում  փոքր-ինչ դրական փոփոխություններ լինեն: Ներդրողները կզգան, որ կա համակարգված արդյունաբերական քաղաքականություն ԵԱՏՄ-ում, և մեզ մոտ արտադրվող ապրանքները կարող են իրացվել այլ երկրներում: Հիմնական ներդրողը Ռուսաստանն է, որը ներդրումներ է կատարել ալյումինի արտադրության, երկաթգծի ծառայության և հեռահաղորդակցության ոլորտներում: Ներդրումներ է կատարում նաև Ֆրանսիան:

-Արտերկրում հայկական արտադրանքը գովազդելուն ուղղված ի՞նչ քայլեր են իրականացվում:

-Կան արտադրանքներ, որոնք նույնիսկ գովազդման կարիք չունեն, օրինակ՝ գինին և կոնյակը: Սակայն Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպում է գովազդներ և ցուցահանդեսներ, որոնք տալիս են դրական արդյունք: Տպագրվել ու տարածվել են Made in Armenia տեղեկագրեր՝ ներկայացնելու, թե Հայաստանում ինչ է արտադրվում: Եթե մի քանի տարի առաջ Հայաստան մոտ 3 անգամ ավելի շատ ապրանք էր ներմուծում, քան արտահանվում, ապա այսօր ներմուծման թիվը նվազել է՝ շնորհիվ տեղական արտադրության կազմակերպման:

-Սեփական հումքով արտադրություններ ստեղծելու և ավելացնելու ուղղությամբ քայլեր իրականացվու՞մ են:

-Օրինակ՝ մեքենաշինության համար պետք է կարողանանք տեղում մետաղի արտադրություն կազմակերպել: Դրա համար ունենք նախադրյալներ:  Զանգեզուրի տարածաշրջանում ունենք մոտ 1.2 մլրդ տոննա արդյունաբերական թափոն, որի մեջ կա մետաղ, ոսկի, կոբալտ: Եթե ստեղծենք քիմիոմետալուրգիական կոմբինատ և հանքանյութ մշակենք, արդյունքում կստանանք երկաթ, որը կօգտագործենք տեղական արտադրությունում:  Կապուտանում ևս կա երկաթահանք:  Կարծում եմ, որ երկաթի արտադրություն պետք է կարողանանք կազմակերպել՝ շահագործելով կամ Կապուտանի երկաթի հանքը կամ երկրորդական հումքը վերամշակելով:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ