1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին

Դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի Հանրապետության նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սոլիսը մեծ ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և համաշխարհային քաղաքակրթությունում ունեցած նշանակալի ներդրման մասին՝ մեծապես կարևորելով Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Այվազյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Կոստա Ռիկայի հետ ծավալելու փոխշահավաետ և առարկայական համագործակցություն:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հիմնախնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների շուրջ: Նախագահ Սոլիսի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացում առկա խոչընդոտները: Այս համատեքստում Կոստա Ռիկայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Զրույցի ավարտին նախագահ Սոլիսը խնդրել է իր ջերմագին բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Նախագահին և բարեկամ հայ ժողովրդին:

Օգոստոսի 9-ին դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել էր Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Գոնսալես Սանսին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել էին երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, միջազգային տարբեր կազմակերպություններում համագործակցության հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Դեսպան Այվազյանը հանգամանալից ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Կոստա Ռիկա այցի ընթացքում դեսպան Այվազյանը հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, արդյունաբերության և առևտրի նախարար Ջանինա Ռոմերոյի, հանրային կրթության նախարար Սոնիա Մոռայի, մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Սիլվի Դուռանի, Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դաննի Հեյլինգի, Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամների և արտաքին գերատեսչության մի շարք ներկայացուցիչների նետ:

Այցի ավարտին Հայաստանի դեսպանը հանդիպել է նաև Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]