Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայկական դեղերի արտահանման ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում

Հայկական դեղերի արտահանման ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեղերի արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով հայկական դեղարտադրողներն աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում, և որոշակի տեղաշարժեր արդեն արձանագրվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը:

«Հայաստանում գրանցված դեղերի շուրջ 10 տոկոսը հայկական արտադրության են, որոնցով ապահովվում է հանրապետության դեղային պահանջարկի շուրջ 7 տոկոսը: Դրանք հիմնականում տարբեր դեղաբանական խմբերում ընդգրկված դեղահատեր են, փոշիներ, դեղապատիճներ, ամպուլաներ, կաթիլաներարկման լուծույթներ, քսուքներ, մոմիկներ, սուսպենզիաներ, ներքին և արտաքին ընդունման  տարբեր լուծույթներ և այլն: Հայաստան է ներմուծվում հանրապետության բնակչությանն ու բժշկական հաստատություններին անհրաժեշտ դեղերի շուրջ 90%-ը: Ըստ ներմուծման ծավալների հաջորդականության՝ 2016 թվականի դրությամբ խոշոր ներմուծողներն են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Սլովենիան, Ռուսաստանը, Ավստրիան, Վրաստանը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը»,-ասաց Ալբերտ Սահակյանն ու հավելեց, որ դեղերի ներմուծումը ենթակա է խիստ կարգավորման, և որևէ երկիր ներմուծման մատչելիության տեսանկյունից չի կարող առանձնանալ: 

Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվող դեղերը հիմնականում արտահանվում են Իրաք, Մոլդովա, Ղազախստան, Տաջիկստան, Ռուսաստանի Դաշնություն, Լատվիա, Վրաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ուկրաինա, Եմեն և Վիետնամ: Արտահանող հիմնական ընկերություններն են «Արփիմեդը», «Լիկվորը», «Ֆարմատեքը» և Երևանի քիմիադեղագործական գործարանը:

«Մեր ունեցած տվյալների համաձայն, արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով հայկական դեղարտադրողները աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում, և որոշակի տեղաշարժեր արդեն արձանագրվել են: Օրինակ՝ «Լիկվոր» ՓԲԸ-ն պատշաճ արտադրական գործունեության` GMP (ՊԱԳ) հավաստագիր ստանալուց հետո դեղեր է սկսել արտահանել դեպի Իրաք և Վիետնամ»,-ասաց Սահակյանը:

GMP ստանդարտներին համապատասխանող երեք ընկերություններից մեկի՝ «Արփիմեդ» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի խոսքով, արտահանող երկրների աշխարհագրությունն իսկապես տարեցտարի մեծանում է: 2014-ից դեղեր են արտահանում Թուրքմենստան, Ղազախստան, իսկ այս տարվանից՝ նաև Եմեն: «Ընդլայնման ուղղությամբ տարբեր քայլեր ենք իրականացնում, ուսումնասիրում ենք տարբեր երկրների շուկաները, ցուցահանդեսներին փորձում ենք մեր շուկան հնարավորինս լավ ներկայացնել»,-ասաց Ղազարյանը:

Ալբերտ Սահակյանը նշեց, որ դեղարտադրության բնագավառում հիմնական խնդիրները ֆինանսական ներդրումներն են, ինչպես նաև որակավորված մասնագետների պակասը:  Այս հանգամանքներից են կախված արտահանման հնարավորություններն ու նոր շուկաների նվաճումը: Սակայն դեղերի շրջանառության կարգավորման նպատակով, վերջին տարիներին օրենսդրական դաշտում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնցից են “Դեղերի մասին” ՀՀ նոր օրենքի ընդունումը: Ներկայում ՀՀ ԱՆ զբաղված է այդ օրենքից բխող շուրջ 60 իրավական ակտերի մշակմամբ, որոնց զգալի մասը գտնվում է ՀՀ կառավարության ընդունման, մի մասն էլ քննարկման փուլում: Շրջանառության կարգավորումը դինամիկ գործընթաց է և անընդհատ գտնվում է ուսումնասիրության և կարգավորման գործընթացում:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]