Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Աստանայում տեղի կունենա ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում օգոստոսի 14-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը՝ ավելացնելով, որ նիստին մասնակցելու նպատակով Ղազախստան կմեկնի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության կարևորագույն խնդիրները: Առաջնային ուշադրություն է դարձվելու ոլորտային համագործակցությանը, այդ թվում՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը և տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացմանը:  

Կառավարությունների ղեկավարներին կներկայացվեն միության «թվային օրակարգ»-ի առաջ մղման ուղղությամբ համատեղ աշխատանքի զեկույցը: Նախատեսվում է քննարկել միության միջազգային գործընկերների հետ առևտրի արտոնյալ ռեժիմների վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ