Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի բուլղարական թղթապանակ. ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի դեմ Ադրբեջանի ճնշումների բացահայտումը նոր սկանդալային մանրամասներ է ստանում

Ադրբեջանի բուլղարական թղթապանակ. ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի դեմ 
Ադրբեջանի ճնշումների բացահայտումը նոր սկանդալային մանրամասներ է ստանում

ՍՈՖԻԱ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովայի կողմից հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու մասին մեր հրապարակումից հետո «Արմենպրես» լրատվական գործակալությունը կապ հաստատեց ՀԲԸՄ պատասխանատուների հետ` ադրբեջանական քաղաքական ճնշումների մասին մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Մեր հարցումներին ի պատասխան երևան եկած տեղեկությունները, բացահայտեցին գործի նոր երեսակներ:

Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:

Ադրբեջանական դիվանագիտական շանտաժի անտեսանելի ձեռքը

Ադրբեջանի՝ Բուլղարիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի երիտասարդական միության նախագահ Հայկ Կարապետյանը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ստիպած է եղել թողնել Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի անդամի պաշտոնը: Հարցի վերաբերյալ «Արմենպրես» գործակալությունը դիմել է Հայկ Կարապետյանին, ով այդ պահին գտնվում էր Ուկրաինայում:

«Արմենպրես» գործակալությանը տրամադրած գրավոր պատասխանում Հայկ Կարապետյանը չի անդրադարձել պաշտոնը լքելու պատճառներին, սակայն հանդես է եկել կոշտ և ուշագրավ հայտարարությամբ. «Այն դեպքում, երբ բուլղարական իշխանությունները թույլ են տալիս այլ պետության դեսպանատան խառնվել երկրի ներքին գործերին, նշանակում է, որ պետությունը ղեկավարում են ազգի դավաճանները, որոնք պատմության դաժան դատաստանի առաջ կկանգնեն: Բուլղարիայի հայ համայնքը մեծապես ինտեգրված է և համատեղ կեցության հարյուրամյակների ընթացքում լուրջ ներդրում է բերել Բուլղարիայի զարգացման գործում, կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին, մենք Բուլղարիայի քաղաքացիներ ենք ու մեր կառավարությունը պետք է պաշտպանի մեր մարդկային ու քաղաքացիական իրավունքները»:

Կարապետյանի հնչեցրած դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել ադրբեջանական դեսպանատան գործունեության հետ և Բուլղարիայի պատկան մարմինները, երկրի քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն տեղի են տվել տարատեսակ ճնշումների:

Բաքվի գործելաոճը հայկական կազմակերպությունների համար նորություն չէ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը համարում է, որ իրենց կազմակերպության դեմ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնած արշավը առանձին միջադեպ չէ, այլ հանդիսանում է հայկական սփյուռքի կազմակերպությունների դեմ ուղղված Ադրբեջանի պետական քաղաքականության մաս: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀԲԸՄ Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիդյանը:

«Ես համոզված եմ, որ սա ոչ թե առաջին դեպքն է, որ տեղի է ունեցել, այլ առաջին անգամն է, երբ հայտնի է դարձել այս քայլերի մասին»,- ասաց Դավիդյանը՝ նշելով, որ եվրոպական մի շարք երկրների ու հաստատությունների վրա ազդելու համար ադրբեջանական դիվանագիտությունն օգտագործում է նավթային լծակներն ու «խավիարային դիվանագիտության» գործիքակազմը:  

Ըստ բանախոսի՝ «Խավիարային դիվանագիտություն» անվանումն ստացած կոռուպցիոն սխեմաները արդեն բացահայտվել են, հիմնականում քաղաքացիական հասարակության մի շարք կառույցների կողմից ու հանդիսանում են ոչ միայն Բաքվի, այլև համանման մի շարք ամբողջատիրական ռեժիմների կողմից կիրառվող վարքաբանություն:

«Մեր նպատակն է, որ եվրոպական կառավարությունները հասկանան Արցախի և տարածաշրջանի նկատմամբ ազնիվ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտությունը, ու դրան հասնելու համար աշխատելու ենք Եվրոպայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու մամուլի հետ՝ շեշտելով խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը»,- ասաց Դավիդյանը՝ բարձր գնահատելով «Արմենպրես»-ի ջանքերը՝ հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու առումով:

Պլովդիվի ազգային և ինտեգրման հարցերով զբաղվող խորհրդի արդեն նախկին անդամ Հայկ Կարապետյանն իր հերթին կարևորել է, որ Ադրբեջանի այս քայլերը լայն քննարկման առարկա դառնան, քանի որ Բուլղարիայի պաշտոնատարները միայն այդ պարագայում ստիպված կլինեն միջամտել. «Նրանց ուշադրությունն այս թեմային բևեռելով` կստիպենք նրանց մերժել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող վիճելի նախապայմանները»:

Արձագանքում է ՀԲԸՄ Բուլղարիայի մյուս մասնաճյուղը

Anonymous Bulgaria խմբի կողմից տեղադրված փաստաթղթերի սեփական հետաքննության  վերաբերյալ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել նաև ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղի ղեկավար Առնո Քույումջյանից:

Քույումջյանը նշեց, որ քաջատեղյակ է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից շարունակաբար իրականացվող հակահայ քաղաքականությանը, որի միջոցով ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է սեպ խրել Բուլղարիայում բարեգործական գործունեություն ծավալող հայերի, որոնք, իմիջիայլոց, բոլորը հանդիսանում են Բուլղարիայի քաղաքացիներ, և տեղի բուլղարացի ժողովրդի միջև դարավոր պատմություն ունեցող հարաբերություններում:

Այն հարցին, թե ՀԲԸՄ Բուլղարիայի մասնաճյուղը որքանով է զգում ադրբեջանական գործոնի բացասական ազդեցությունն իր գործունեության վրա, պարոն Քույումջյանը պատասխանում է, որ ադրբեջանական կողմը մշտապես փորձում է ճնշումներ բանեցնել բուլղարական իշխանությունների դեմ՝ օգտագործելով իր տնտեսական ռեսուրսները և համատեղ նախագծերը:

Պարոն Քույումջյանի խոսքով՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարքագիծն անընդունելի է և ոչ մի կերպ չի համապատասխանում Բուլղարիայում ընդունված սկզբունքներին, իսկ յուրաքանչյուր քայլ, որն ուղղված կլինի հայ-բուլղարական հարաբերությունների խափանմանը, ուղղակի դատապարտված կլինի ձախողման:

Քույումջյանն ընդգծում է, որ Բուլղարիայի իշխանությունները շատ մեծ դեր են տալիս տեղի հայ համայնքի հետ հարաբերություններին, քանի որ տեղի հայերն ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական, հասարակական շատ այլ բնագավառներում:

Բուլղարիայի դեսպանատան խորհրդավոր լռությունը

Այս և այլ հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը փորձեց կապ հաստատել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանության հետ՝ ցանկանալով պարզել, թե ընդունելի՞ է արդյոք Բուլղարիայի համար այն հանգամանքը, որ մի ինչ-որ երկրի (տվյալ դեպքում Ադրբեջանի) դեսպանատուն միջամտում է հավատարմագրող երկրի և իր քաղաքացիների հարաբերություններին՝ մոռանալով, որ դիվանագիտական ներկայացուցչությունը քաղաքական մարմին չէ և ընդունող պետության ներքաղաքական կյանքին միջամտելու իրավունք չունի: Իսկ այն հարցերը, թե Բուլղարիայի իշխանություններն այս խնդիրների լուծման և Ադրբեջանի դեսպանատան նման անօրինական գործունեությունը դադարեցնելու համար ի՞նչ հակաքայլեր են իրականացնում, անպատասխան մնացին այնպես, ինչպես և մյուս վերոնշյալ հարցերը:

Դեսպանատան պատասխանն «Արմենպրես»-ին ներկայացնում ենք առանց մեկնաբանության.

«Դեսպանատան էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ Դեսպան Մարիա Պավլովան Երևանում չէ: Ավելին, կցանկանայի հայտնել, որ Բուլղարիայի դեսպանատունը ԶԼՄ-ների և ինտերնետային հրապարակումների վերաբերյալ մեկնաբանություն չտալու հաստատված գործելակերպ ունի»:   

Արամ Անանյան, Արեն Պետունց, Դավիթ Մամյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]