Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն Օրիետա Տրեվիզանատո Զամպիերիի սեպտեմբեր ամսին նախատեսվում են ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակում։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ` «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։ «Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության խնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան հիմնախնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցության համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝հատկապես ազգային ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

 Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որին, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։ Սեպտեմբերի 7-ին նախատեսվում է մամլո ասուլիս՝ ֆիլմի ստեղծագործական կազմի հետ, որը կհեռարձակվի իտալական Antenna Cinema 24 հեռուստատեսության կողմից։ Ասուլիսին, ռեժիսորի հետ մեկտեղ, ներկա կլինեն և խոսքով հանդես կգան նաև ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից։ Մամլո ասուլիսին խոսքով հանդես կգա նաև հանրահայտ գրող, ստեղծագործող Անտոնիա Արսլանը, ով հայկական արմատներ ունի և հայ հասարակությանն ավելի շատ ծանոթ է «Արտույտների ագարակը» վեպով, որի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ՝ Վիտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների կողմից։ Հատկանշական է այն, որ Իտալիայում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր հովանու ներքո և անմիջական մասնակցությամբ։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն ստեղծվել է 2016թ., միջազգային համագործակցության արդյունքում՝ «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի կողմից, աջակցությամբ՝ շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs, INQ» և«Mօsaics Art & Cultural Foundation» ընկերությունների և Լիբանանի պետական համալսարանի: Նկարահանումները տեղի են ունեցել 2015թ.՝ Արցախում, ռեժիսորի հայրենի Խաչմաչ գյուղում։ Դերասանական կազմում, հայ սիրված մի շարք դերասանների հետ, ընդգրկվել են նաև միջազգային ճանաչում ունեցող դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից: Կոմպոզիտորը աշխարհահռչակ «System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն է։

«Վերջին բնակիչը» ֆիլմի առաջխաղացման աշխատանքները սկսվել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայից, որտեղ այն ներկայացվել է։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակում։ Վերջերս ֆիլմն ընդգրկվել է Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ոչ մրցութային ծրագրում։

Այն ցուցադրվել է 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացել է հունիսի 25-ին։ «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017 թ. «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝«Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմին անդրադարձ է եղել «Ոսկե գլոբուս»-ի պաշտոնական կայքում և ամերիկյան հայտնի «Լոս Անջելես թայմս» օրաթերթում։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում:

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարմամբ հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]