1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/72. «Խատուտիկի գինին» վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ

 Երևանյան բեսթսելեր 4/72. «Խատուտիկի գինին» վերադարձել է 
ամենավաճառվածների աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը ու երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ցանկ է վերադարձել և երրորդ տեղը զբաղեցրել Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Ստեղծագործության հերոսի՝ Ամիրի համար օդապարուկ թռցնելու մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու» հնարավորություն կար:

Չորրորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի կողմից գրված «Ոսկե հորթը» վեպը հինգերորդն է: Սյուժետային հիմնական գիծը «Տասներկու աթոռ»-ի հիմնական հերոսի՝ Օստապ Բենդերի անվերջանալի արկածները և 1930-ական թվականների խորհրդային կյանքի ֆոնին կատարվող գործողությունները են։ Ժանրը՝ արկածային վեպ, սոցիալական երգիծանք:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունն այս շաբաթ զիջել է իր դիրքերը և վեցերորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Յոթերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը գիրքն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ ութերորդ հորիզոնականում Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը իններորդ տեղում է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 63
2 +1

Մարկ Արեն «Այնտեղ

որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 41
3 *

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 19
4 +1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 15
5 Նոր

Եվգենի Պետրով

«Ոսկե հորթը»

Վերնատուն 15
6 -4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 13
7 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 13
8 0

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 11
9 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 10
10 *

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]