Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ամենաընթերցվող գրքերի շարքում շատ են նաև հայ գրողների գրքերը

Հայաստանում ամենաընթերցվող գրքերի շարքում շատ են նաև հայ գրողների գրքերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցասերների շրջանակում մեր օրերում գերակշռող թիվ են կազմում 18-ից 35 տարեկան երիտասարդները: Ամենաընթերցվող ժամանակակից գրողներից են Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, Հովիկ Չարխչյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Գրիգը և այլք: Այս և այլ հարցերի շուրջ օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Հայաստանում տարեկան տպագրվում է 2000 գիրք. դրանցից շատերը հարյուրից ավելի տպաքանակով են և սպառվում են: Ելնելով այդ տվյալներից` կարող եմ ասել, որ մեր երկրում ընթերցասերներ կան: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Ազգային գրադարանում, համայնքային գրադարաններում կան գրքեր, որոնք շատ են ընթերցվում: Այլ հարց է, որ հատկապես մարզային գրադարանները տարիներ շարունակ չեն համալրվում նոր գրքերով, և դա բերում է ընթերցողների քանակի նվազման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նիկողոսյանը:

Գրականագետի խոսքով` ինչ ընթերցվում է, վերածվում է գիտելիքի: «Ի տարբերություն նախորդ տարիների` մենք ակտիվ համագործակցում ենք դպրոցների հետ, որոնց ամառային արձակուրդներին գրականության ցանկեր ենք տալիս: Շեշտեմ, որ ընդառաջում ենք նրանց ու մեծ զեղչեր տրամադրում, որպեսզի կարողանան նոր տպագրված գրքերը ձեռք բերել»,-ասաց նա:

Անդրադառնալով ամենաընթերցվող գրքերին` Արքմենիկն ընդգծեց, որ գրադարանային տվյալներով Հայաստանում ամենաընթերցվող գրողը Լևոն Խեչոյանն է: Գրախանութներում շատ են վաճառվում Գուրգեն Խանջյանի, Հովիկ Չարխչյանի, Արամ Պաչյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Գրիգի գործերը:

«Եթե նախկինում մարդիկ թերահավատ էին ժամանակակից գրողների նկատմամբ ու գումար չէին ծախում նրանց գրքերը գնելու համար, ապա այսօր կան գրողներ օրինակ` Գուրգեն Խանջյանը, Գրիգը, որոնք սպառել են իրենց գրքերի առաջին տպաքանակը: Սակայն պետք է նշեմ, որ քիչ են գնում պոեզիա: Դրա պատճառներից մեկը համացանցն է: Տարբեր կայքերում, սոցիալական ցանցերում հեշտությամբ հնարավոր է լինում գտնել գրողների բանաստեղծությունները, տարածել դրանք, սիրել, սակայն չգնել գրքերը: Այնուամենայնիվ կան բանաստեղծներ, որոնց գրքերը շարունակում են միջին ստանդարտներից ավելի վաճառվել տարեկան ութսուն հարյուր օրինակով: Նրանք են Հուսիկ Արան, Էդուարդ Հարեցը, Ավագ Եփրեմյանը, Արմեն Սարգսյանը, դասականներից` Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք»,-ընդգծեց գրականագետը:

Նիկողոսյանն ասաց, որ հանրությունը շատ է կարդում համաշխարհային գրականություն` Հերման Հեսսե, Ջորջ Օրուել, Ջեյն Օսթին: Նա շեշտեց, որ այս կամ այն գրքի վաճառքի գործում մեծ դեր են կատարում հեղինակություն վայելող մարդիկ, որոնք տարբեր հարթակներում, երբեմն, բարձրաձայնում են իրենց սիրած գրողների, գրքերի անունները:

Խոսելով գրքերի արժեքի մասին` Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ այն չի որոշվում միայն տպագրությամբ և որակյալ գրքերի համար մեծ գումարներ են տրվում խմբագրին, սրբագրիչին, թարգմանչին, դիզայներին:

Արքմենիկ Նիկողոսյանը նաև չշրջանցեց ժամանակակից գրական աշխարհում առկա խնդիրները: «Կան բազում խնդիրներ, որոնք լուծելի են: Ամենակարևորը` ֆեյսբուքն է, քանի որ  այն ստեղծագործողներին չեփած, չմարսված նյութը տարածելու հնարավորություն է տալիս: Եթե նախկինում գրողը հրապարակ գալու, ընթերցողին ներկայանալու փուլեր էր անցնում, ապա այսօր նա ստիպված չէ հաղթահարել այդ փուլերը: Գրականության մեջ արժեհամակարգ ստեղծելու, նորանոր ու հետաքրքիր թեմաներ  արծարծելու խնդիր կա: Բայց ամեն բան ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի»,- եզրափակեց գրականագետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]