Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ՔԿԱԳ գործընթացը Հայաստանում բարեփոխվում է. Սուրեն Քրմոյանը ներկայացնում է սպասվող փոփոխությունները


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացքում մեր քաղաքացիները անմիջապես շփվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում:

-ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակներում ՔԿԱԳ ոլորտում նախատեսվել են մեծածավալ բարեփոխումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը, մասնավորապես.

Իրականացվելու է քաղաքացիական կացության  ակտերի ոլորտի օրենսդրության արդիականացումը, որի շրջանակներում քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով ցանկացած ՔԿԱԳ մարմնում, ի տարբերություն ներկա համակարգի, երբ քաղաքացին ծառայություն կարող է ստանալ միայն ըստ բնակության վայրի:

Իրականացվելու է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդնումը, որի շնորհիվ քաղաքացիները շատ հարցերի և դիմումների պատասխաններ կարողանալու են ստանալ առանց ՔԿԱԳ մարմին այցելելու:

Իրականացվելու է ծննդի և մահվան ավտոմատ գրանցում ՝ անկախ դրա վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքից:

Բացի այդ, նախատեսվում է բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև թվայնացնել քաղաքացիական կացության  ակտերի թղթային արխիվը:

-Արդյո՞ք ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ժամկետները ողջամիտ են:

-«Քաղաքացիական Կացության  ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության  ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն»:

Օրինակ՝  ծննդյան, հայրության ճանաչման գրանցումները իրականացվում են դիմում ներկայացնելու օրը:

Բացի այդ, այն դեպքերում, երբ «Քաղաքացիական կացության  ակտերի մասին» օրենքում սահմանվել է այլ ժամկետ, ապա տվյալ ժամկետը հստակեցված է լինում՝ ներառելով վերջնաժամկետը:

Օրինակ՝ ամուսնության գրանցումն իրականացվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը(բացառությամբ հարգելի պատճառների դեպքերում):

-Ինչ տուրքեր են գանձվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման համար:

 -«Քաղաքացիական կացության  ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Քաղաքացիական կացության  ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Օրինակ՝ հայրության ճանաչման գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 ՀՀ դրամ:

Սակայն հարկ է նշել, որ որոշ ծառայությունների համար պետական տուրք չի գանձվում: Օրինակ՝ ծննդյան, որդեգրման, մահվան գրանցումների դեպքում պետական տուրք չի գանձվում:

-Արդյո՞ք հասարակությունը տեղեկացված է ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ:

-Շատ կարևոր է, որ քաղաքացին իրազեկ լինի ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների մատուցման ժամկետներին և վճարներին:  ՔԿԱԳ մատուցվող ծառայությունները, ժամկետները, պետական դրույքաչափերը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, որը պաշտոնապես հրապարակված է և հասանելի է բոլորին: Արդարադատության նախարարությունը պարբերաբար իրազեկման արշավներ է կազմակերպում: Ներկայումս  ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական դրույքաչափերի վերաբերյալ կազմվել է ինֆոգրաֆիկա, որպեսզի ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի մատչելի դառնա հասարակության համար:

-ՔԿԱԳ ծառայությունների բողոքարկման ի՞նչ մեխանիզմներ են գործում:

-Արդարադատության նախարարությունը մեծ արշավ է սկսել ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակը բերալավելու և վերահսկելու, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ստանալու համար:

ՔԿԱԳ ծառայությունների մատուցման հետ կապված բողոքների և առաջարկների դեպքում քաղաքացին կարող է աշխատանքային ժամերին կապվել Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ +374 10 59-41-90: Կամ նամակ գրել Արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ