Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը շարունակվում է անբավարար արդյունքներով

Գեղարքունիքում անասնակերի բերքահավաքը շարունակվում է անբավարար 
արդյունքներով

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ընթանում է անասնակերի բերքահավաքը: Տնտեսությունների ղեկավարների գնահատմամբ՝ տնտեսական տարին անչափ աննպաստ է անասնակերի կուտակման համար, քանի որ մինչ այժմ ստացված արդյունքները չափազանց ցածր են:

«Սկսվել է խոտհունձը նաեւ լեռնային գոտիներում: Այնտեղ գտնվող մեր խոտհարքերի մոտ 70 տոկոսը հնձի ենթակա չէ: Հեկտարից հազիվ կարողանում ենք հավաքել 500 կիլոգրամ խոտ: Նախորդ տարվա համեմատ ավելի քան 50 տոկոսով պակաս է ստացվել բերքը:Տեւական երաշտը, կարծես թե, քիչ էր, մնացած ավերիչ գործն էլ արեց հունիսի 29-ին տեղացած կարկուտը՝ վնասելով թե՛ հացահատիկի ցանքերը, թե՛ խոտհարքերը:Ծանր տարի կլինի անասնապահության համար: Շատ տնտեսություններ հարկադրված կլինեն թանկ գներով այլ տեղերից խոտ գնել, որի մեկ հակը շուկայում այս պահին վաճառվում է 1400 դրամով՝ նախորդ տարվա 800 դրամի դիմաց: Այսպես, Վարդաձորում գործող «Անի եղբայրներ» անասնապահական տնտեսությունը մսուրային շրջանն ապահովելու համար կարիք կունենա գնել լրացուցիչ 3 հազար տոննա անասնակեր»,-ներկայացրեց Վարդաձորի գյուղապետ Միշա Սիրականյանը:

Լճավանի գյուղապետ Լյովա Գրիգորյանի հավաստմամբ՝նախորդ տարվա համեմատ գյուղի տնտեսությունները գրեթե 3 անգամ պակաս անասնակեր են կուտակել:

«Շատ ցածր բերքատվություն են ապահովում թե՛ ցանովի, թե՛ բնական խոտհարքերը: Հուլիսի 26-ի դրությամբ Լճավանի տնտեսությունները կուտակել են շուրջ 3 հազար հակ խոտ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակված ունեին մոտ 10 հազար հակ: Հույսներս մնացել է բարձրլեռնային գոտիների խոտհարքերը, որտեղ համեմատաբար խիտ բուսածածկույթ կա: Այլապես, եթե չկարողանանք ապահովել բավարար քանակի անասնակեր, ստիպված կլինենք գնալ անասնագլխաքանակի կրճատման ճանապարհով»,-ներկայացրեց Լճավանի գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]