Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարարին
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 27-ին հանդիպել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Պիեռ Բուասիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում նախարար Բուասսին ներկայացրեց Լիբանանի սոցիալական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
Դեսպան Մկրտչյանն իր հերթին զրուցակցին տեղեկացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների մասին, անդրադարձ կատարվեց Լիբանանի և Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումներին ու ընտրական գործընթացներին:
Կողմերը նպատակահարմար համարեցին փոխադարձաբար ուսումնասիրել երկու երկրների սոցիալական ոլորտներում արձանագրված հաջողություններն ու դրանց հիման վրա մշակել և իրագործել համատեղ ծրագրեր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում