Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը կշարունակի խթանել ԵԽ արժեքներ. Պարույր Հովհաննիսյանի հոդվածը ֆրանսիական «La Lettre Diplomatique»-ում

Հայաստանը կշարունակի խթանել ԵԽ արժեքներ. Պարույր Հովհաննիսյանի հոդվածը 
ֆրանսիական «La Lettre Diplomatique»-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսը հոդվածների և հարցազրույցների շարք է հրապարակել՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հոդվածում համառոտ անդրադառնում է Հայաստան-ԵԽ համագործակցությանը, շեշտում ԵԽ հետ փոխգործակցության զարգացման առանցքային տեղը Հայաստանի քաղաքական օրակարգում՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների վճռական հանձնառությունը ԵԽ աջակցությամբ և նրա գործիքակազմի կիրառմամբ երաշխավորելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։

Պարույր Հովհաննիսյանը նշում է, որ 2001թ․ ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հանձնառություններ։ Միևնույն ժամանակ, անդամակցությամբ Հայաստանը վերահաստատել է իր պատկանելությունը եվրոպական մեծ ընտանիքին։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցել և ուղեկցել է Հայաստանին ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին, և այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ ապահովելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդումը և երաշխավորելու ապագայում դրա անսասանելիությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, որպես ասվածի հաստատում, վկայակոչում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ 2017թ․ հունվարին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված ընդունելությանը հնչեցված խոսքերը, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում իր գրանցած առաջընթացում, և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Դեսպան Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը միացել է ԵԽ ավելի քան 60 կոնվենցիաների և մեծ կարևորություն է տալիս կազմակերպության և նրա մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի խորհրդատվություններին, որոնք խթանում են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ընդգծվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքում։

Անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ որպես ԵԽ կոնվենցիոն համակարգի թագի գոհարի, և ընդգծվում են դրա բացառիկ կարևորությունը անձի խախտված իրավունքի վերականգնման հարցում, և նրա նախադեպային իրավունքի հիմնարար նշանակությունը՝ ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։

Հայաստանն իր նպաստն է բերում կազմակերպությունում ընթացող բարեփոխումներին և եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդմանը։ Ըստ ՀՀ մշտական ներկայացուցչի՝ այս առաքելությունը լավագույնս դրսևորվեց 2013թ․ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությամբ, որի ընթացքում նախաձեռնվեց նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։

Հայաստանը նաև հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերեն և անգլերեն լեզուների հավասար կիրառության ապահովմանը։

Դեսպան Հովհաննիսյանը եզրափակում է հոդվածը՝ վստահեցնելով, որ Հայաստանը կշարունակի խթանել ԵԽ արժեքներն ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում՝ ապահովելու նրա կայուն ազդեցությունը միջազգային հարթակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]