Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղբերքում կջրարբիացվի 2 հազար հեկտար արոտ, կհատկացվի նոր գյուղտեխնիկա

Աղբերքում կջրարբիացվի 2 հազար հեկտար արոտ, կհատկացվի նոր գյուղտեխնիկա

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում մեկնարկում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որի շրջանակներում կջրարբիացվի 2 հազար հեկտար արոտ եւ համայնքի կարիքների համար կհատկացվի 5 տրակտոր եւ նույնքան էլ հակավորող մեխանիզմ ու 1 ձեռքի հնձիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղբերքի գյուղապետ Վասիլ Աղասարյանը, Աղբերքում իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 136 միլիոն դրամ, որից 65 միլիոնը կազմում է արոտների ջրարբիացումը, 71 միլիոն դրամ՝ գյուղտեխնիկայի ձեռքբերումը: Գյուղտեխնիկայի ձեռքբերման համար Աղբերքի արոտօգտագործողների ընկերության համաֆինանսավորումը կազմել է 14 միլիոն 515 հազար դրամ, որն արդեն հատկացվել է:

«Սեպտեմբեր ամսին մեր արոտօգտագործողների ընկերությունը կստանա 5 «Բելառուս» մակնիշի նորագույն տրակտոր եւ 5 հակավորող մեխանիզմ ու 1 ձեռքի հնձիչ:Գյուղտեխնիկայի ձեռքբերումը մեծապես կնպաստի հողագործության եւ անասնապահության զարգացմանը Աղբերքում: Մենք ունենք 642 հեկտար վարելահող եւ մոտ 500 հեկտար խոտհարք, որոնք բոլորն էլ առայժմ օգտագործվում են խոտհարքի տակ, քանի որ հողի մշակության համար չունեինք բավարար գյուղտեխնիկա: Հուսամ, որ այս աշնանից ու եկող գարնանից բեկում կարձանագրենք հողագործության զարգացման ուղղությամբ: Սրությամբ զգում ենք նաեւ արոտների ջրարբիացման կարիքը: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 2 խմոց՝ ջրարբիացնելով մոտ 2 հազար հեկտար արոտ: Այս ծրագիրը եւս մեզ համար ունի կենսական կարեւոր նշանակություն: Այն մեծապես կխթանի անասնապահության զարգացմանը: Ավելորդ չէ նշել, ոչ միայն ջրազուրկ են գյուղի արոտները, այլ նաեւ՝ գյուղի բնակարաններն ամբողջությամբ, ուստի եւ ձմռան ամիսներին էլ անասուններին ջրելը կապված է հսկայական խնդիրների հետ: Մարդիկ կես կիլոմետր հեռվից հարկադրված են ոչ միայն ջուր կրել իրենց կարիքների, այլ նաեւ՝ անասունների համար: Որքան շուտ սկսվի ջրարբիացման համակարգի շինարարությունը, այնքան շուտ մենք կազատվենք առօրյա ծանր հոգսերից եւ էականորեն կկարողանանք զարգացնել անասնապահությունը, մարդկանց ամուր թելերով կապել հայրենի հող ու ջրի հետ»,-ներկայացրեց գյուղապետը:

Վասիլ Աղասարյանի հավաստմամբ՝ Աղբերքում նույնիսկ նման դժվարին պայմաններում օրական արտադրվում է մինչեւ 5 տոննա կաթ, որն ամբողջությամբ տեղում մթերվում է:«Աստիճանաբար ավելանում է ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների քանակը: Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա եւ անասնագլխաքանակը, եւ անասունների մթերատվությունը: Գյուղատնտեսությունը մեզանում կդառնա հիմնական զբաղմունք: Մենք հավատով ենք նայում մեր գյուղի ապագային»-ամփոփեց Վասիլ Աղասարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]