1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ

Մնջախաղի փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական 
քարտեզի վրա. մասնակիցներին տրվեցին ոսկե մեդալներ

ԾԱՂԿԱՁՈՐ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզրափակվեց Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում:  Ելույթներով հանդես եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդես եկավ «Անքնություն» ներկայացմամբ:

«Հիանալի է, որ մեր ժողովուրդը հնարավորություն է ունենում ծանոթանալու թատերական աշխարհին, տեսնելու գեղեցիկը: Շեշտեմ, որ փառատոնի շնորհիվ Երևանի մնջախաղի պետական թատրոնի սիրահարների քանակը զգալիորեն ավելացել է: Հուսամ՝ հռչակավոր Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնը գեղեցիկ, բարի, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը:

Նա հավելեց, որ այս տարի փառատոնին մասնակցել են 13 մնջախաղացներ և խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ:

Փառատոնի գլխավոր ինֆորմացիոն գործընկեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը Հայաստանը վառ կետ է պահում աշխարհի թատերական քարտեզի վրա: «Տարեցտարի փառատոնն ավելի ընդգրկուն է դառնում, հարստացնում իր խաղացանկը: «Արմենպրես»-ը մեծ բավականությամբ և պատասխանատվությամբ է աջակցում այս գեղեցիկ միջոցառմանը»,-ասաց Անանյանը և հավելեց, որ անցյալ տարի շատ է հավանել Հարավային Աֆրիկայից ժամանած մնջախաղաց Ջոն Ջեյքոբսի ներկայացումը, որը պատմում էր մարդու էվոլյուցիայի մասին:

«Gats in the Coats» խմբի անդամները նշեցին, որ երջանիկ են մասնակցել փառատոնին, քանի որ հանդիսատեսը շատ ջերմ է: «Այս համարը պատրաստել ենք մեկ և կես տարի առաջ: Ցանկացանք աբսուրդ իրավիճակներ ներկայացնել, որովհետև մնջախաղը հիանալի միջոց է ամենազանազան կերպարները կերտելու և ամենաանհավանական իրավիճակները ցուցադրելու համար: Համատեղել ենք մնջախաղի բոլոր ժաներերը. Ներկայացնում ենք և՛ ժամանակակիցը, և՛ հավատարիմ մնում Մարսել Մարսոյի դասական դպրոցին»,-եզրափակեցին նրանք:

Բոլոր մասնակիցներին ոսկե մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և կոնյակներ  հանձնվեցին: Փառատոնի կայացմանն աջակցելու համար Լեոնիդ Ենգբարյան պատվո ոսկե մեդալ տրվեց նաև «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]