Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն

Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 25-ին իր դռներն է բացել «Հիստոջեն» Պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։   

Բացմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բժշկական կենտրոնների և լաբորատորիաների ղեկավարներ ու մասնագետներ։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, գործիքային հագեցվածությանը, հետազոտությունների նախատեսվող ծավալներին, ինչպես նաև ծրագրերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել երիտասարդ մասնագետների  նախաձեռնությունը` երկրում ստեղծելու եվրոպական մեթոդներով և հնարավորություններով ժամանակակից ախտորոշիչ կենտրոն։

Նախարարին ներկայացվել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատոր կենտրոնն առաջարկում է պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Նշվել է, որ առկա տեխնոլոգիաների ներդրումը և բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ ծառայությունները կարող են նպաստել  ախտորոշման, հետևաբար և բուժման  արդյունավետության բարձրացմանը։

Կարևորվել է սերտ համագործակցությունը, կարծիքների և փորձի փոխանակումն ինչպես Հայաստանի, այնպես էլ  արտերկրի առաջատար  լաբորատորիաների հետ։

Նախարարը շնորհավորել է երիտասարդ աշխատակազմին և ցանկացել մասնագիտական հաջողություններ։

Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանն ասել է. «Պաթանատոմիական  ախտորոշումները բժշկության հիմնաքարն են: Այո, ժամանակին շոշափելով կամ  լսելով  ախտորոշում էին և բուժում: Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և պետք է հստակ իմանանք, թե  ինչ հիվանդություն ենք  բուժում: Պաթանատոմիան հենց այդ հնարավորությունն   է ընձեռում: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին  նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ»: 

Նախարարը հույս է հայտնել, որ նորաբաց կենտրոնի  գործունեությամբ  ձևաբանական հետազոտությունների ոլորտում  նոր մակարդակ կապահովվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]