Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդավառ փառատոնը կրկին համախմբեց հարյուրավոր երիտասարդների

Վարդավառ փառատոնը կրկին համախմբեց հարյուրավոր երիտասարդների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 23-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած «Վարդավառ միջազգային փառատոնը», որը չորրորդ տարին անընդմեջ համախմբեց բազմաթիվ երիտասարդների և տոնի հարյուրավոր սիրահարների: Փառատոնը նպատակ ուներ ներկայացնելու ազգային-ավանդական մշակույթը, լայն հասարակությանը ճանաչելի դարձնելու Վարդավառի տոնական և ծիսական առանձնահատկությունները: Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվեց համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդավառ միջազգային փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ կարևորելով Վարդավառ տոնի նշանակությունը և դրա շրջանակում՝ միմյանց վրա ջուր ցողելու արարողությունը. «Ուրախ եմ, որ այս տարի ևս հաջողվեց պատշաճ կազմակերպել Վարդավառ միջազգային փառատոնը և հյուրընկալել հարյուրավոր երիտասարդների, բազմաթիվ օտարերկրացիների և Սփյուռքի մեր հայրենակիցների: Վարդավառը երիտասարդության ամենասիրված տոներից է. յուրաքանչյուր տարի մասնակիցների կողմից հետաքրքրությունը մեծանում է, սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել: Ազգային, մշակութային ավանդույթները տարածողները երիտասարդներն են, հենց նրանք պետք է պահպանեն ու հանրահռչակեն դրանք: Եվ, վերջապես, աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած հյուրերի համար մշակութային նման միջոցառումները միջոց են մեզ ավելի լավ ճանաչելու համար»:

Բացի տոնի` ավանդական միմյանց վրա ջուր ցողելու արարողությունից և երիտասարդության օրհնության կարգից, փառատոնի բազմաժանր ծրագրում ընդգրկված էին հայկական ազգային, կոմիտասյան երգի հոգեթով կատարումներ` մատուցված Նաիրյան վոկալ անսամբլի կողմից, ազգային խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները: Երիտասարդական ակումբների դաշնության Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզային համակարգողները ևս միացել էին ամենամյա միջազգային փառատոնին:

ԵԱԴ Լոռու համակարգող Սոխակ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցում փառատոնին և առանձին տաղավարով ներկայացնում Վանաձորի տաղանդավոր երիտասարդների աշխատանքները. «Փառատոնը շատ լավ հնարավորություն է, որպեսզի կարողանանք ներկայացնել վանաձորյան մթնոլորտը, երիտասարդների աշխատանքները: Մենք ոգևորված ենք ներկայացել այս միջոցառմանը և վերադառնալու ենք վառ տպավորություններով»:

Այս տարի առաջին անգամ Վարդավառ փառատոնի հյուրերին ողջունում էին նաև երիտասարդ դերասաններ, որոնք մարմնավորում էին Վարդավառի տոնին անմիջականորեն առնչվող Աստղիկ աստվածուհուն և Վահագնին: Հայաստանցի և օտարերկրացի հյուրերը, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայրենակիցները Գառնիում հնարավորություն ունեցան լուսանկարվելու հայոց միֆականության նշյալ երկու կարևոր կերպարների հետ:

Փառատոնին աջակցեցին Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Նաիրյան վոկալ անսամբլը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]