Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամառային դպրոցն ավարտողներն ավելի լավ կճանաչեն Կոմիտասին ու նրա արվեստը

Ամառային դպրոցն ավարտողներն ավելի լավ կճանաչեն Կոմիտասին ու նրա արվեստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտասը և հայ երաժշտությունը» խորագրով ամառային դպրոցի նպատակներից է հանրությանը Կոմիտասին հանրամատչելի, ճանաչելի դարձնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին՝ ամառային դպրոցի բացմանն այս մասին ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, ինչպես նաև ամառային դպրոցը նախաձեռնող Մհեր Նավոյանը: «Վստահ եմ, որ բոլոր ներկաներին Կոմիտասն իր մեծությամբ ու խորությամբ ավելի ճանաչելի կդառնա: Մեր մյուս խնդիրն է, որ մասնագետները, որոնք հանրության մտավոր սերուցքն են՝ անկախ իրենց ոլորտային պատկանելությունից, կրեն այն մտահոգությունները, այն խնդիրների պատասխանատվությունը, որ նեղ մասնագետը կրում է իր ամենօրյա աշխատանքում: Այսինքն՝ եթե ազգային երաժշտության հարցերը դիտարկում ենք ինքնության հարցերի շրջանակում, ապա այն պետք է լինի ոչ միայն երաժշտագետի, այլ հանրության ուսին»,-ասաց Նավոյանը:

«Այս մտահղացումը եղել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտինը: Աշխատել ենք կազմակերպել այնպիսի դասընթաց, որը կհետաքրքրի թե մասնագետներին՝ երաժշտագետներին, թե ոչ մասնագետներին: Կարծում ենք, որ սրանով կնպաստենք նաև միջգիտաճյուղային համակարգի զարգացմանը: Մասնակիցների ընտրությունը կատարվել է՝ ըստ իրենց ուղարկած մոտիվացիոն նամակի: Այժմ ունենք 50 մասնակից, թեև շատերին մերժել ենք: Մասնակիցներ ունենք նաև Ջավախքից, Ռուսաստանից, եկել են նաև ուսանողներ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայից, որոնք միջնադարագետներ են և նպատակ ունեն ուսումնասիրելու հայ երաժշտությունը: Հետաքրքրվել են նաև Ռումինիայից, սակայն տեխնիկական պատճառով այս տարի չեն դիմել»,-ասաց  թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն ու հավելեց, որ Կոմիտասի գործունեության տարբեր ոլորտներն ընդգրկել են ամառային դպրոցի՝ որպես առանձին առարկաներ: Աշխատել են ընդգրկել բոլոր ուղղությունները՝ մասնավորապես ֆոլկլորային, հոգևոր երաժշտությունը:

Ծրագրին դիմել են նաև բժիշկներ, իրավաբաններ, որը, ինչպես Տաթևիկ Շախկուլյանն է ասում՝ զարմանալի է եղել, սակայն ընդունել են, քանի որ մոտիվացիոն նամակները համոզիչ են եղել:

Ծրագրի մասնակից Վարդգես Մովսիսյանը մասնագիտությամբ բժիշկ է: Նրա խոսքով՝ երաժշտությունը թեթևացնում է աշխատանքը, երբեմն նույնիսկ ընդմիջումներին են երգում Կոմիտաս: Ծրագրին մասնակցելու հիմնական նպատակն է Կոմիտասի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալը: «Դպրոցական դասագրքերով ընդամենը սովորել ենք, որ Կոմիտասը ծնվել էր 1869 թվականին կոշկակարի ընտանիքում, ով շատ էր սիրում երգել: Իմ տեղեկություններն այդքան էին նրա մասին, և նրա մասին ավելին իմանալու ցանկությունս ստիպեց գրանցվել և մի փոքր կտրվել բժշկական առօրյայից»,-ասաց նա:

Ծրագրով նախատեսված են հայ երաժշտության պատմություն, հայ միջնադարյան երաժշտություն, հայ երաժշտական ֆոլկլոր, Կոմիտաս բաժինները: Դասավանդելու են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Մհեր Նավոյանը, Աննա Արևշատյանը, Մարիաննա Տիգրանյանը, Լուսինե Սահակյանը: Ամառային դպրոցը կտևի մեկ շաբաթ՝ հուլիսի 24-30-ը: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]