1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց

Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ անգամ Հարավային Աֆրիկայից Հայաստան ժամանած ինքնատիպ մնջախաղաց Ջոն Ջեյքոբսը Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնի շրջանակում վարպետության դաս անցկացրեց, որին մասնակցեցին «Ժիվոսվետ»  մնջախաղի մանկապատանեկան թատրոնի անդամները:

«Իսկապես շատ հավանեցի այս դասը, քանի որ նոր շարժումներ ու հնարքներ սովորելու հնարավորություն ունեցա: Երկրորդ անգամ եմ Ծաղկաձորում ու շատ սիրում եմ քաղաքն ու այս փառատոնը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց «Ժիվոսվետ»-ի անդամ Արտեմին:

Ջոն Ջեյքոբսն ասաց, որ ցանկանում է իր հմտությունները փոխանցել երիտասարդ մնջախաղացներին ու մեծ բավականություն է ստանում դրանից:

«Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս անգամ ավելի երկար ժամանակ եմ անցկացնելու Հայաստանում ու շեշտեմ, որ պատմություն եմ գրում 1899 թվականին իմ երկրում իրականացված ցեղասպանության մասին: Երբ  իմացա, որ նման սարսափելի իրողություն է պատահել նաև հայերի հետ, ավելի մոտ զգացի ինձ ձեզ ու այլ տեսանկյունից սկսեցի նայել մարդկանց: Եթե սկզբում ասում էի, որ գեղեցիկ երկիր է, ապա հիմա կարծում եմ, որ մարդիկ են գեղեցիկ, որ կարողանում են  պահպանել այս դրախտային երկիրը, մշակույթն ու ավանդույթները»,-ընդգծեց Ջոնը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ Ջոն Ջեյքոսի  նման վարպետների դասերը պարզապես անհրաժեշտ են: «Նա բացարձակ չէր խոսում ու ամեն բան ժեստերով էր ցույց տալիս՝ և՛ գոհունակությունը, և՛ դժգոհությունը, ու դասն ակամայից վերածվեց մի ամբողջական ցուցադրության»,-եզրափակեց նա:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]