Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն այս տարվա աշնանը չի բացառվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում խոսել է Նախագահ Սարգսյանը: Հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։ «Առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նաև նշել է, որ հայկական զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է. «Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նա իր ելույթում ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 19-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել։ Այս մասին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն: Հակառակորդի գործողություններից զոհ կամ վիրավոր չունենք»,- նշեց Սաղոյանը: Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: «Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել»,-նշեց գյուղապետը:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը: Անդրադառնալով փաթեթում ներառված այն կետերին, որոնք ենթադրում են պատիժ սահմանել մեջլիսի այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը» (խմբ.- «թուրք ազգի անցյալի վիրավորանք» է համարվում նաև Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը), Դողանն ընդգծել է, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել է պատգամավորը:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը: Վերջինով արգելվելու է մեջլիսում պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումը:

Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում: Հոբելյանական մարզախաղերի մասնակիցները մրցելույթներից առաջ ամբողջական կազմերով այցելել են Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստան և աշխարհ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»։

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը: Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել էր համաձայնագիրը: 2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանի զեկույցի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, որոնք կներառվեն նաև Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

Վաշինգտոնում ռոբոտաշինության միջազգային օլիմպիական FIRST Global խաղերում Հայաստանը ներկայացնող թիմը զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերին մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից: Հայաստանը ներկայացնում էին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները:

ԻԻՀ խորհրդարանի լիագումար նիստում հավանության է արժանացել Իրանի և Հայաստանի քաղաքացիների համար Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագիծը:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը: Վերջին խոսքի իր իրավունքից է օգտվել Լապշինը, ով հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը. դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման: Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ  281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական  հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

 ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: 

Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշակույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս «Արմենպրես»-ի ֆոտոթղթակիցն այցելել է Իրան և լուսանկարել այդ երկրի հարուստ ու հինավուրց մշակութային ժառանգության նմուշները, Իրանում հայկական մշակութային կոթողները: Այս լուսանկարները հետագայում կարող են ներկայացվել ցուցահանդեսի տեսքով: Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում կարող եք հանդիպել իրանական տարբեր հաստատությունների,սննդի ու առևտրի օբյեկտների:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մայիսին 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի համախառն ծավալը աննշան անկում է գրանցել՝ 1.4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մայիսին ցուցանիշը 5.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10.9 տոկոսով:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 19-ին իրավունքի ուժով գումարել է հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրություն անցկացնելու հարցով։ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռամելա Դադայանը. «Քվեարկությանը մասնակցել է 32  պատգամավոր: Առաջադրված թեկնածու Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը քվեարկության ընթացքում  ստացել է 4 կողմ և 28 դեմ ձայներԲակո Սահակի Սահակյանը՝ 28 կողմ և 4 դեմ ձայներԱնվավեր քվեաթերթիկ չունենք»: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել. «Երջանիկ եմքանի որ հնարավորություն ենք ձեռք բերել ծառայել հայրենիքին»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է 2018թ. վարչապետ դառնալու մասին հարցին: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և ասել եմ անկեղծորեն. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Արդյոք էական է: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը:  ՀՀ Նախագահը նշել է, որ մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: «Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձնակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը գոնե տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երևանում հուլիսի 17-ի առավոտից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չի դադարել քաղաքացիների հոսքը:  2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են եկել մատուցելու քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչները: Զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը: Հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դիտարկում է 66 ներդրումային ծրագիր, որոնցով նախատեսված է 2017 թվականին իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում և ստեղծել 7 հազարից ավելի աշխատատեղ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: «Հուլիսի 1-ի դրությամբ` արդեն իսկ այդ 66 ծրագրերով իրականացվել է 220 միլիոն դոլարի ներդրում և ստեղծվել է 2700 աշխատատեղ: Այն ծրագրերն են, որ պետության կողմից տարբեր գործիքներով աջակցություն են ստացել: Մասնավորապես, այդ աշխատատեղերը ստեղծվել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում»,- նշեց Ազիզյանը:

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» օրինագծին, որով Հայաստանում հնարավոր է դառնում իշխանություններին հանրագիր ներկայացնելը:  Պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին միջնորդագիր ներկայացնելու իրավունքը նախատեսված է Հայաստանի Սահմանադրության 53-րդ հոդվածով: Համապատասխան գերատեսչությունները այն պետք է քննարկեն մեկ ամսվա ընթացքում: 

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը տարվա ԶԼՄ-ն է․ հուլիսի 18-ին Հայկական PR մրցանակաբաշխությունը հրապարակեց լավագույնների անունները։ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին տարվա լավագույն լրատվամիջոցի անվանակարգում հաղթելու հավաստագիրն ու խորհրդանշական PR արձանիկը հանձնեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: «Այս մրցանակը ողջ «Արմենպրես»-ի թիմի աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ մեր թիմին, կազմակերպիչներին,  ժյուրիի անդամներին բարձր գնահատականի համար»,-ասաց Արամ Անանյանը:

Սփյուռք

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ գտնվող, նրան կալանավորելու մասին որոշում կա: Քանի որ լեզվաբանը 48 ժամվա ընթացքում հրաժարվել էր հանձնվել, նրան հուլիսի 16-ի առավոտից հայտարարել են փախուստի մեջ գտնվող: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամյա Ժորժ Կեպենեկյանին ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենեկյանի թեկնածությունն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, նորընտիր քաղաքապետի օգտին քվեարկել է խորհրդի 70 անդամներից 49-ը:

Ամերիկահայ մի խումբ երիտասարդներ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդների մոտ ապրիլյան պատերազմից հետո միտք հղացավ ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանին աջակցելու համար: Նրանք քննարկել են աջակցության հնարավոր տարբերակները և եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է սահմանամերձ ընտանիքներին այնպիսի օգնություն ցուցաբերել, որից հետո նրանք հնարավորություն կունենան աշխատել, իրենց կարիքները հոգալ, իրենց վաստակով առօրյա խնդիրները լուծել: «Հայ արծիվներ» հիմնադրամի հիմնադիր Անդրանիկ Բալոյանը, ով ապրում է Գլենդելում,  նշեց, որ ցանկանում էին սահմանամերձ գյուղերի բնակիչների համար աշխատելու հնարավորություն ստեղծել:

Միջազգային խճանկար

Ռամ Նաթ Քովինդը, որին առաջադրել էր կառավարող Բհարաթիա ջանաթա պարտին (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն), ընտրվել Է Հնդկաստանի նախագահ: Քովինդը հավաքել Է քվեատուների ձայների ավելի քան 65 տոկոսը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Փայլանը՝ նշելով, որ ստիպված է եղել բաց դռան հետևից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները: Նիստի ավարտից հետո նա թվիթերյան իր էջում թողել է հետևյալ գրառումը. «Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»: Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին կանչել է արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղելով պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ դեսպանին պարզ լեզվով ասել են, որ առանց ժամանակ կորցնելու թուրքական կողմն ազատ արձակի Գերմանիայի քաղաքացի Ստոյդթներին: Շեֆերը բացարձակապես անհիմն է անվանել իրավապաշտպանին ահաբեկչական խմբավորման հետ կապելու մեղադրանքները: Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը, հենվելով Գերմանիայի կառավարության կազմում ունեցած իր աղբյուրների վրա, հայտնում է, որ որոշումը վերաբերելու է ինչպես գործող, այնպես էլ ապագայում նախատեսվելիք նախագծերին:

Մշակույթ

Աշխարհի տարբեր ծագերից Ծաղկաձոր ժամանած մնջախաղացները յուրահատուկ, անգամ անսպասելի թեմատիկ մանրապատումներով բացեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում, որին հաջորդեց գունառատ ու պայծառ հրավառությունը: «Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում,  անցկացվում է մնջախաղի միջազգային փառատոնը: Այս փառատոնը փորձում է իրականացնել Լեոնիդ Ենգիբարյանի երազանքը: Նա ասում էր. «Ես գրպաահատ եմ, գրպանահատների արքան եմ, ես հարուստ և երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ ոչ ոք իր գրպանում սիրտը չի պահում»: Փառատոնի նպատակը նաև մասնակիցների սրտերը Ծակաձորում պահելն է: Բարի մեկնարկ եմ մաղթում այս գեղեցիկ միջոցառմանը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ տասներկու քարե և տասը փայտե յուրահատուկ քանդակները, որոնց կերպարները Թումանյանի ստեղծագործությունների հայտնի հերոսներն են` Անուշը, Սարոն, Գիքորը, Քաջ Նազարը և այլք, զարդարելու են Դսեղի կենտրոնական հատվածը և Հ. Թումանյանի տուն-թանգարանի տարածքը։ «Քանդակների հեղինակները երիտասարդ ստեղծագործողներ են ՀՀ տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից: Բոլոր կերպարները Թումանյանական հերոսներ են, և դրանք տեղադրվելու են Դսեղի կենտրոնական շրջանաձև այգում, տուն-թանգարանում Դսեղն ավելի աշխուժացնելու և տարածքը գեղեցկացնելու նպատակով»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:

Սպորտ

Երևանի Հանրապետության հրապարակում պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական հոբելյանական 10-րդ մարզախաղերը: Խաղերի կրակը վառվեց Ծիծեռնակաբերդից բերված կրակով: Մարզիկների անունից երդման տեքստն ընթերցեց ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ Անդրանիկ Սարգսյանը: Խաղերի ջահը Ծիծեռնակաբերդից հրապարակ են հասցրել աշխարհի 19 երկրների 21 տարբեր շրջաններից ժամանած մարզիկները, իսկ կրակը վառեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում: «Արարատ»-ի մրցակիցը Կրասնոգորսկի «Զորկի»-ին էր: Հայկական ակումբին հաջողվել է 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Հունգարիայի Պակս քաղաքում ավարտված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 55 կգ քաշային կարգում Գասպար Հայրապետյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը, իսկ Էրիկ Հարությունյանը բավարարվեց 5-րդ տեղով: 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը նվաճեց բրոնզե մեդալ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ին: «Ռեալ Սոլթ Լեյք»-ին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը, սակայն 29-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարությունը,: Հայ կիսապաշտպանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ «Սանչեսթեր Սիթի»-ի հետ ընկերական խաղում:

 Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։ Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր 2։4 հաշվով ԲԱՏԷ-ն դուրս եկավ ՉԼ 3-րդ փուլ։

Բաթումում անցկացված սպորտային մարմնամարզության Ռուսուդան Սիխարուլիձեի Գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների թիմը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն՝ Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտված մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի 17-րդ տեղի համար խաղում։

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող լսողության խնդիր ունեցողների մարզական մրցումներում՝ Deaflympics 2017-ում ձյուդո մարզաձևից Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ