Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ու IRNA-ն զարգացնում են Հայաստանի ու Իրանի կապերը. Արամ Անանյանի հարցազրույցը իրանական ԶԼՄ-ին

«Արմենպրես»-ն ու IRNA-ն զարգացնում են Հայաստանի ու Իրանի կապերը. Արամ 
Անանյանի հարցազրույցը իրանական ԶԼՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշակույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս «Արմենպրես»-ի ֆոտոթղթակիցն այցելել է Իրան և լուսանկարել այդ երկրի հարուստ ու հինավուրց մշակութային ժառանգության նմուշները, Իրանում հայկական մշակութային կոթողները: Այս լուսանկարները հետագայում կարող են ներկայացվել ցուցահանդեսի տեսքով:

Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում կարող եք հանդիպել իրանական տարբեր հաստատությունների,սննդի ու առևտրի օբյեկտների:

«Այս ամենը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների նշան է: Սակայն սա նշան է նաև, որ մենք պետք է խորացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Անանյանը: Նրա խոսքով՝ կարևորագույն հարց է նաև երկու ժողովուրդների՝ միմյանց հանդեպ ճանաչողության մակարդակի բարձրացումը:

«Երկու երկրների զբոսաշրջային ոլորտում համագործակցության ընդլայնման շնորհիվ պարսկերենը լսվում է Հայաստանի զբոսաշրջային վայրերում, ինչը շատ հաճելի է»,- նշել է Անանյանը: «Արմենպրես»-ի տնօրենն անդրադարձել է նաև ժամանակակից աշխարհում լրատվության խնդիրներին՝ նշելով, որ համաշխարհային զարգացումների վերաբերյալ անկողմնակալ տեղեկատվության տրամադրումը կարող է օգնել խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ ավանդույթ ունեցող լրատվական գործակալությունները, որոնցից է նաև «Արմենպրես»-ը, ձգտում են ներկայացնել իրականում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև փորձագիտական գնահատականներ:

«Տեղեկատվության ոլորտում «Արմենպրես»-ն ու IRNA-ն նշանակալի պատմություն ունեն, նրանց լրատվությունը հիմնվում է թափանցիկության ու հստակության սկզբունքների վրա»,- ասել է Անանյանը՝ հիշեցնելով, որ 21-րդ դարում լրատվական գործակալությունների դերը շատ կարևոր է Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման համար: Երկու գործակալություններն այսօր էլ ամրապնդում ու զարգացնում են իրենց հարաբերությունները: Նա հիշատակել է նաև 2016թ. սկզբին Իրան կատարած իր այցի մասին, որի ժամանակ IRNA-ի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Արամ Անանյանը հիշեցրել է նաև, որ 2018թ. «Արմենպրես»-ը նշելու է իր հիմնադրման 100-ամյակը.«Այդ առիթով ուրախ կլինենք, որպեսզի արարողություններին մասնակցեն նաև միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]