Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ արիները նշում են Վարդավառը

 Հայ արիները նշում են Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից:

Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում‘ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:

Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:

Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: Հայ Արիական Միաբանության քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:

Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:

Ճիշտ արեւածագին, արեւին դեմ հանդիման, կսկսվի փառաբանման ծեսը, որի համաձայն, օշարակն ու թրմաջուրը պիտի շաղ տրվեն լճի մեջ՝ ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով պարուրվելու, հարդարվելու ավանդության:

Աստվածընծա այս ջրով օրհնվելուց հետո կսկսվի ծիսախաղը: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես՝ ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:

Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը՝ խաղիկների ու պարի ուղեկցությամբ:

Ջրախաղից հետո տոնի մասնակիցները Աստղկան ծիսական ուտեստներ կհամտեսեն՝ հատապտուղներից, թթից, մեղրից ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղեն կվայելեն: Սա արդեն առանձնահատուկ ավետիս է դառնում այն բանի, որ երբ զարթնում է Հայը, նա պեղում ու վերակագնում է ակունքային ամեն ինչ՝ ազգային խոհանոցը, խաղիկները, տաղերը, պարերը…

Վարդավառի տոնը կավարտեն Աստղիկ Աստվածունուն ուղղված ձոնով՝ հայերի սրտերը միշտ սիրառատ ու ուժեղ պահելու խնդրանքով, կփառաբանեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Օրվա վերջում քրմական դասի ներկայացուցիչները կհավաքվեն Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում՝ աշխատանքային եւ կազմակերպական  հարցեր քննարկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]