Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջեմալի նկատմամբ վրիժառությունից 95 տարի անց. Ցեղասպանության և Հասան Ջեմալի հետ հանդիպումների մասին Արմեն Գևորգյանի խոհերը

Ջեմալի նկատմամբ վրիժառությունից 95 տարի անց. Ցեղասպանության և Հասան Ջեմալի 
հետ հանդիպումների մասին Արմեն Գևորգյանի խոհերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է 1915 թվականի Մեծ եղեռնի կազմակերպիչներից և իրականացնողներից մեկի՝ Ջեմալ փաշայի նկատմամբ հաշվեհարդար 95-րդ տարին: 1922 թվականի հուլիսի 21-ին հայ վրիժառուներ՝ Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում իրականացրեցին 1919թ. հուլիսի 5-ի Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի մահապատժի դատավճիռը Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի նկատմամբ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց վրիժառուներից մեկի՝ Արտաշես Գևորգյանի թոռան՝ Արմեն Գևորգյանի հետ՝ փորձելով որոշ մանրամասներ պարզել Ջեմալ փաշայի թոռան՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալի հետ ունեցած հանդիպումից, նրա հետ ունեցած զրույցների տպավորություններից, հայ և թուրք հասարակությունների շրջանում փոխըմբռնման ավելի բարձր մակարդակի հասնելու և այլ հարցերի շուրջ:

-Պարոն Գևորգյան, Դուք 2008 և 2014 թվականներին հանդիպումներ եք ունեցել Ջեմալի թոռան՝ Հասան Ջեմալի հետ, ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք նրան:

-Հենց առաջին հանդիպմանը ես նրա մոտ շփոթություն և հուզմունք նկատեցի, որն ավելի շատ էր,  քան ինձ մոտ: Ես հասկացա, որ Հասանը այն թուրքերից է, ովքեր հստակ գիտակցում են իրենց նախնիների մեղքը և ցանկանում են ազատվել այդ ժառանգված մեղքի զգացողությունից: Հասանը ասում էր ինձ, որ այդ հանդիպումներն ավելի շատ իրեն են անհրաժեշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նա հստակ  գիտակցում էր, որ իր երկիր վերադառնալուց հետո ստիպված է լինելու պատասխան տալ, թե ի՞նչnւ է իրեն ստիպել Հայաստան գալ և հանդիպել Ջեմալ փաշային սպանողի հետ: Սակայն հանդիպելու և ցեղասպանության թեմայի շուրջ խոսելու նախաձեռնությունը Հասանինն էր: Ես զգացի մի շատ կարևոր բան, դա այն էր, որ Հասանի հետ շփումն ինձ թույլ տվեց հասկանալ, որ թուրքերն ամենաշատը վախենում են հենց ցեղասպանության մասին խոսելուց և բարձրաձայնելուց:

-Որո՞նք էին հանդիպումների և զրույցների ժամանակ քննարկվող հարցերը:

-Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հասանը փորձում էր իր խոսքերի մեջ անկեղծ լինել և ցանկանում էր հասկանալ, թե որքանո՞վ են հայ և թուրք հասարակությունները պատրաստ երկխոսության: Այն, որ Հասանը քաջ գիտակցում էր իր նախնիների գործած մեղքը և զղջում դրա համար, դա միանշանակ: Սակայն նրա հետ մի քանի անգամ շփվելուց հետո ես հասկացա, որ իրականում հենց այդ երկխոսության հարցն է կարևոր: Խոսակցությունների ընթացքում, բացի  նրանից, որ խոսում էինք ցեղասպանության վերքերի և հետևանքների մասին, զրուցում էինք նաև ցեղասպանության կազմակերպման և իրականացման պատճառների մասին: Հանդիպումներից մեկի ժամանակ նա նշեց, միգուցե ես և ինքը պատրաստ ենք, սակայն, հայ և թուրք հասարակությունների միջև դեռևս չկա խորը երկխոսության գնալու վստահությունը:

-Ներկայումս շարունակու՞մ եք շփումները Հասանի հետ և նախատեսու՞մ եք ինչ-որ մի նոր հանդիպում ունենալ նրա հետ:

 -Այո, շարունակում եմ: Մենք մշտապես կապի մեջ ենք, և ես, անգամ, այսօր մտադիր եմ նրան նամակ հղել, քանի որ այս օրը բացասական և դրական իմաստներով նշանակալի է ինչպես ինձ, այնպես էլ նրա համար: Ինչ վերաբերում է նրա հետ ևս մեկ անգամ հանդիպելու ծրագրեր ունենալու հարցին, ապա կարող եմ պատասխանել, որ դեռևս կոնկրետ չեմ որոշել երբ, սակայն նման ծրագրեր իսկապես ունեմ, առավել ևս այն դեպքում, երբ հենց Հասանն է ինձ հաճախակի Թուրքիա հրավիրում:

-Ի՞նչ եք կարծում, ինչ արդյունքներ ունեցան Հասանի այդ այցելությունները և Ձեզ հետ ունեցած հանդիպումներն ինչպես հայ, այնպես էլ թուրք հասարակության վրա:

-Կարծում եմ, որ այդ իրադարձությունն իսկապես կարևոր էր առաջին հերթին հենց ազգերի միջև երկխոսության տեսանկյունից: Այս առումով գտնում եմ, որ այդ հանդիպումները ինչ-որ տեղ կարելի է դեպի այդ երկխոսություն տանող ճանապարհի մի փոքրիկ մասը համարել: Իմ կարծիքով հանդիպումները որոշակի ակտիվություն հաղորդեցին այն հարցին, թե մեր հասարակությունը որքանո՞վ է հետաքրքրված ցեղասպանության իրականացման պատճառներով և թուրք ժողովրդի հետ ապագա երկխոսության հասնելով: Պետք է ասեմ, որ Հասանի ունեցած հանդիպումներից հետո այդ հետաքրքրությունը բավականին աճել էր մեր հասարակության շրջանում, քանի որ դրանից հետո ինձ հաճախ փողոցում ճանաչում և բազմաթիվ հարցեր էին տալիս ինչպես Հասանի խոսքերից, այնպես էլ նրա հետ ունեցած մեր զրույցներից: Ինչպես հետագայում այլ թուրք ծանոթներիցս, ինչպես նաև Հասանից պարզեցի, նման դեպքեր են տեղի ունեցել նաև իրենց հետ:

Դավիթ Մամյան      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]