Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամի երիտասարդներին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գլենդելի «Հայ արծիվներ» 
հիմնադրամի երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 21-ին ընդունեց Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդներին՝ Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամերիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանամերձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր Բաղանիս համայնքում: «Հայ արծիվներ» հիմնադրամն իրականցնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հայրենասեր երիտասարդներին՝ ազգանվեր ծրագիր իրականացնելու համար: Նա մասնավորապես նշեց. «Անսահման շնորհակալ եմ որպես հայ, որպես պետության ներկայացուցիչ: Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Գյուղը պետք է ամրացնել: Հսկայական աշխատանք կա ցանկացած գյուղում: Ձեր շարժումը պետք է դառնա համահայկական: Երիտասարդությունը նախաձեռնող է, ակտիվ, կազմակերպող: Դուք պետք դառնաք շարժիչ ուժը, ձեր շուրջը համախմբեք մյուսներին: Ես հիացած եմ, հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն է աճում Հայրենիքում և հայրենիքից դուրս, որ բնակվելով ուրիշ երկրում, Հայրենիքի սահմանների ամրացման խնդրով են մտահոգված: Հզոր սերունդ է աճում, մենք անմահ ենք, հավերժ ենք: Մեր գիտելիքներն ու կարողությունները անսահման են: Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Անդրանիկ Բալոյանը ներկայացրեց իրենց տպավորությունները, կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները:  «Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից հասկացանք, որ աշխատելու, իրենց գործն ունենալու հեռանկարը հույս է արթնացնում վաղվա օրվա նկատմամբ: Գյուղացիների ոգևորությունից մենք նույնպես ոգևորվեցինք: Եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասաց նա:

«Հայ արծիվները» վստահ են, որ տեղեկանալով իրենց ծրագրերի մասին, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]