Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով

 Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական 
հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները աշխարհի տարբեր վայրերից Հայաստան են ժամանել՝ համագործակցելու եւ միասին աշխատելու հիմնադրամի նախաձեռնած  «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում գործող մի շարք նախագծերի շուրջ՝ ի նպաստ համայնքային զարգացման:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Լույս»-ի երիտասարդներին, ովքեր ամռան շրջանում գործունեություն են իրականացրել Հայաստանի եւ Արցախի 5 համայնքներում՝ Ստեփանակերտ, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան եւ Գարգառ: «Լույս»-ի կրթաթոշակառուների թիմն աշխատել է  նաեւ Երեւանում՝ իրականացնելով նախագծեր ձեռներեցության, իրավունքի, ճարտարապետության, տրանսպորտի, այլընտրանքային էներգիայի եւ այլ ոլորտներում:

Նախագահ Սարգսյանը հաջողություն մաղթեց «Լույս»-ի կրթաթոշակառուներին՝ հորդորելով նրանց սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով եւ գիտակցել սեփական դերակատարությունը երկրի զարգացման գործում:

«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ այսպիսի հանդիպումները վաղուց արդեն դարձել են ավանդույթ, բայց նրանք չեն դարձել սովորական մի բան եւ ինքնանպատակ չեն: Ուրախ եմ նաեւ նրա համար, որովհետեւ ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետեւ համոզված եմ, որ դա մեր երկրի հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն  է, որովհետեւ երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում եւ նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում: Անշուշտ, այն, ինչ-որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ ասում, եւ կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետեւող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության եւ գիտության զարգացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նախագահի խոսքով՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար կենտրոնների ցանցը, որը միանշանակ ընդլայնվելու է, եւ մի շարք այլ կրթական կենտրոններ խոսուն վկայությունն են այդ երկարաժամկետ քաղաքականության, որի արդյունքները ակնհայտ կդառնան ապագայում:

«Եւ այդ արդյունքներն, իհարկե, շատ դրականորեն ազդելու են մեր երկրի տնտեսության զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության վրա»,-ասաց Նախագահը՝ ընդգծելով, որ նմանատիպ հաղթանակները ստեղծում են այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար մի կողմից պատվաբեր է,  մյուս կողմից սովորական, քանի որ Հայաստանը գնում է դեպի զարգացած երկրների շարք:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «Լույս» հիմնադրամում կա ռազմավարական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն եւ գործունեությունը առավելապես կենտրոնացնելու այն մասնագետների պատրաստմանը, որոնց կարիքը կա Հայաստանում: Նա առանձնացրեց հատկապես ծրագրավորողներին եւ ճարտարապետներին:

Հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարասլանյանը նշեց, որ
ընտրել են լավագույն 10 ծրագրերը, որոնք եւ ուսանողները ներկայացրին Նախագահին:

Ծրագրերից մեկը ներկայացրեց Արսեն Վասիլյանը, ով սովորում է Մասաչուսեթսի  տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի եւ համակարգչային գիտության ֆակուլտետում: Նա նշեց, որ  արդեն երրորդ տարին է, որ «Լույս» հիմնադրամը եւ Մասաչուսեթսի  տեխնոլոգիական ինստիտուտը համագործակցում են, եւ համատեղ դասեր են տալիս Հայաստանի տարբեր մարզերում սովորող աշակերտներին: Այս տարի նրանք աշխատանքներ են իրականացրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

«Ծրագիրը  հնարավորություն է տալիս Մասաչուսեթսի ուսանողներին ուղեւորվել աշխարհի վեց երկրներ եւ այնտեղ դպրոցականներին դաս տալ, եւ այդ վեց երկրներից մեկը Հայաստանն է:  Առաջին երկու տարիներին միայն Երեւանում էինք դասավանդում, քանի որ մարզերում տեխնիկայի խնդիր կար: Ուրախ եմ, որ այս տարի հնարավորություն ունենք դասավանդելու նաեւ մարզերում:   Ունեինք յոթ դաս, որոնցից երեքը դասավանդում էին Մասաչուսեթսի, իսկ մյուս չորսը՝ «Լույս»-ի ուսանողները»,-ասաց Արսեն Վասիլյանը՝ նշելով, որ դասավանդել են մաթեմատիկան համակարգչային գիտության համար, գենետիկա եւ ուղեծրային մեխանիկա, օպերացիոն համակարգեր, տվյալների գիտություն:

«Լույս»-ի ուսանողը հավաստիացրեց, որ բոլոր շատ գոհ են եղել այստեղ ծավալած գործունեությունից, ինչպես նաեւ աշակերտների հետ աշխատանքից:

Հանդիպման ավարտին կրթաթոշակառուների նոր սերնդի ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]